Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն՝ սննդի միջոցով կապիկի ծաղիկով վարակվելու մասին

ԱՀԿ-ն՝ սննդի միջոցով կապիկի ծաղիկով վարակվելու մասին

215
0

Կապիկի ծաղիկը չի փոխանցվում սննդի միջոցով, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը։

 

«Ներկայումս բացարձակապես ոչ մի ապացույց չկա, որ սովորական սննդի օգտագործումը, սուպերմարկետ գնալը, սնունդ գնելը որևէ կերպ կապված է կապիկի ծաղիկով հիվանդանալու վտանգի հետ»,- ասել է Ռայանը ճեպազրույցում։

 

«Որպեսզի ձեր սնունդը միշտ անվտանգ լինի, կարևոր է հետևել սննդի պատրաստման հրահանգներին… սննդի ճիշտ պատրաստումը շատ կարևոր է։ Այդ համատեքստում կապիկի ծաղիկը վտանգ չի ներկայացնում»,- ընդգծել է ԱՀԿ ներկայացուցիչը։

 

Նա նշել է, որ վարակների ճնշող մեծամասնությունը ներկա բռնկման ժամանակ տեղի է ունենում սեռական շփման միջոցով՝ միաժամանակ հավելելով, որ ԱՀԿ-ն կուսումնասիրի կապիկների վարակի փոխանցման բոլոր հնարավոր ուղիները։

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ աշխարհի 63 երկրում գրանցվել է կապիկների ծաղիկով մարդու վարակման 9,2 հազար դեպք։

Հիշեցնենք, որ հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:

Ներկայումս արձանագրվում է վարակի փոխանցումը մարդուց մարդ: Փոխանցումը հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումն օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:

Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, որոնք ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղիկի ախտանշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, որոնք պատվաստվել են բնական ծաղիկի դեմ, ունեն որոշակի պաշտպանվածություն նաև կապիկի ծաղիկից:

Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում:

Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ