Գլխավոր էջ Գլխավոր COVID 19-ի նոր ալիքը կհասնի Հայաստա՞ն

COVID 19-ի նոր ալիքը կհասնի Հայաստա՞ն

318
0

Վերջին շրջանում ակտիվ շրջանառվում է կորոնավիրուսային հիվանդության նոր ալիքի և վերջինիս նոր բռնկումների մասին լուրերը։ Վարակաբան Արմեն Օհանյանը ևս արձանագրում է COVID 19-ով հիվանդացության դեպքերի աճ․ «Դեպքերը բավականին ավելանում են, ինչը մեր պրակտիկայում հստակ տեսնում ենք և մասամբ արտացոլվում է պաշտոնական թվերում։ Բոլորը պետք է ժամանակին թեստավորվեն, հատկապես ռիսկի խմբում գտնվող անձինք, որպեսզի քննարկվի վաղ հակավիրուսային բուժումը, նաև երիտասարդները, որպեսզի ինքնամեկուսանան, կամ գոնե ռիսկի խմբում գտնվող անձանց հետ չշփվեն։ Ռիսկի խմբում գտնվող անձինք պետք է պատվաստվեն»։

Առողջապահության նախարարությունն օրերս իր ֆեյսբուքյան էջում ևս անդրադարձավ այդքան քննարկվող թեմային՝ քովիդի վերադարձին։ «COVID-19-ի դեպքերն աճում են գրեթե ամենուր։ Համավարակը փոփոխվում է, բայց չի ավարտվել, մենք ունենք առաջընթաց, բայց սա դեռ ավարտը չէ։ COVID-19-ի գենետիկ էվոլյուցիային հետևելը «վտանգված է», քանի որ երկրները թուլացրել են հսկողությունը և սեկվենավորման գործընթացը, ինչը դժվարացնում է նոր տարբերակների հայտնաբերումը»,- նշված է հրապարակման մեջ։

Օրերս, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում» ստացել են COVID-19-ի դեմ խթանիչ դեղաչափը: ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ևս անդրադարձել է խթանիչ դեղաչափով պատվաստվելու անհրաժեշտությանը. «Ամբողջ աշխարհում նկատվում է կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների աճ, և չի բացառվում, որ համավարակի նոր ալիքը կհասնի նաև Հայաստան։ Դրանով է պայմանավորված, որ ես պատվաստվեցի խթանիչ դեղաչափով` պաշտպանելու իմ գործընկերներին», — նշել է Անդրեա Վիկտորինը։

Օֆելյա Պողոսյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ