Գլխավոր էջ Նորություններ Խոլերայի նոր բռնկման հետևանքով գրանցվել է մահվան առաջին դեպքը

Խոլերայի նոր բռնկման հետևանքով գրանցվել է մահվան առաջին դեպքը

261
0

Իրաքում խոլերայի բռնկման հետեւանքով երեքշաբթի գրանցվել է առաջին զոհը, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում արձանագրվել է հիվանդության 17 նոր դեպք, տեղեկացրել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Մահը գրանցվել է Քիրկուկ հյուսիսային նահանգում, տեղեկացրել է նախարարության ներկայացուցիչ Սեյֆ ալ-Բադրը, որին մեջբերել են պետական լրատվամիջոցները։

«Վերջին 24 ժամում հայտնաբերվել է հիվանդության 17 նոր դեպք, ինչի հետեւանքով Իրաքում տարեսկզբից գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 76-ի»,- ասել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Առաջին անգամ հիվանդության բռնկման մասին պաշտոնապես հայտարարվել է այս ամսվա սկզբին, ընդ որում՝ Քիրկուկին բաժին է ընկել այդ պահին հաստատված 13 դեպքերից մեկը։

Վարակման մյուս դեպքերը հիմնականում գրանցվել են ինքնավար Քրդստանում, հարեւան Սուլեյմանիա նահանգում։

Ալ-Բադրի խոսքով՝ խոլերայի վերջին խոշոր բռնկումը երկրում տեղի էր ունեցել 2015թ., ամենից շատ տուժել էին Բաղդադ եւ Բաբիլ կենտրոնականնահանգները երկրի հարավում։

Խոլերան սուր լուծով ուղեկցվող հիվանդություն է, որը բուժվում է հակաբիոտիկներով եւ հիդրատացիայով, բայց եթե բուժօգնություն չլինի, մարդը կարող է մահանալ մի քանի ժամվա ընթացքում։

Այն առաջ է գալիս մանրէից, որը սովորաբար փոխանցվում է վատ սանիտարական պայմանների պատճառով։ Մարդիկ վարակվում են, երբ ուտում կամ խմում են այդ մանրէն պարունակող սնունդ եւ ջուր։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ամեն տարի գրանցվում է խոլերայով հիվանդանալու 1,3-4 միլիոն դեպք, ինչը հանգեցնում է 21 000-143 000 մարդու մահվան, գրել է Medical Xpress-ը։

 

Աղբյուրը`  Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ