Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ բիոպսիա արվում է միայն քաղցկեղ հայտնաբերելու համար

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ բիոպսիա արվում է միայն քաղցկեղ հայտնաբերելու համար

960
0
Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքում հյուրընկալվել է գաստրոէնտերոլոգ Սոնա Երիցյանը։ Նրա հետ զրուցել ենք բիոպսիային վերաբերող միֆերից մեկի մասին։
Միֆ – Բիոպսիան վտանգավոր հետազոտություն է և արվում է միայն օնկոլոգիական հիվանդություններ հայտնաբերելու համար։
Իրականություն – Բիոպսիան օրգանիզմի որոշակի հյուսվածքի կամ բջջի նմուշ վերցնելն է, որն այնուհետև ենթարկվում է ավելի մանրակրկիտ ուսումնասիրության՝ մանրադիտակի տակ։ Բիոպսիան համարվում է ինվազիվ հետազոտություն, այսինքն՝ կատարվում է օրգանիզմին որոշակի վնաս հասցնելով, հյուսվածքն առանձնացվում է, հետազոտվում։ Որքան վտանգավոր ու բարդ է հյուսվածքի հեռացումը, այնքան ինվազիվ է համարվում հետազոտությունը։ Տեխնոլոգիաները բավականին ընդլայնել են բիոպսիայի իրականացման հնարավորությունները՝ նվազագույնի հասցնելով հետազոտության առաջացրած տրավման: Ամենաքիչ ինվազիվ համարվում է մաշկի բիոպսիան, քանի որ հյուսվածքի առանձնացման համար հարկավոր չէ հատել տարբեր հյուսվածքներ`անհրաժեշտ օրգանին հասանելիություն ունենալու համար։ Քիչ ինվազիվ է համարվում նաև գաստրոսկոպիայի, կոլոնոսկոպիայի ընթացքում իրականացվող բիոպսիան։ Այն անվտանգ է, իհարկե կան բարդություններ, բայց դրանք քիչ են և հազվադեպ են հանդիպում: Հաճախ պացիենտները չեն էլ նկատում, որ ինչ որ միջամտություն է տեղի ունեցել։ Դեպքերի մեծամասնությունում այն կատարվում է, որպեսզի բացառվի քաղցկեղը: Սակայն բժշկության մեջ՝ այդ թվում գաստրոէնտերոլոգիայում կան շատ հիվանդություններ, որոնց լաբորատոր, գործիքային հետազոտությունների միջոցով դժվար է ախտորոշել և միայն հյուսվածքից մաս վերցնելով, այն հետազոտության ուղարկելով կարող ենք պարզել, թե ինչ է կատարվում այդ հյուսվածքում։ Օրինակ՝ այսպես ախտորոշում կամ ժխտում ենք աղիների բորբոքային հիվանդությունները, ցելիակիան և այլ հիվանդություններ։ Միջամտությունից հետո սահմանափակումներ կամ հատուկ ցուցումներ հիմնականում չեն պահանջվում: Արդյունքում կարող ենք կոնկրետ ախտորոշում ունենալ, իսկ ճիշտ ախտորոշումը կարևոր դեր ունի հիվանդության վերջնական բուժման գործում։ Բիոպսիայի ցուցում ունենալու դեպքում մի խուսափեք հետազոտությունից, թույլ տվեք բժշկին վստահ լինել ախտորոշման հարցում և միայն այդ ժամանակ նշանակված բուժումից սպասեք արդյունքի:
Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ