Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ անվճար հետազոտություններից կարող են օգտվել 0-18 տարեկանները

Ի՞նչ անվճար հետազոտություններից կարող են օգտվել 0-18 տարեկանները

357
0

Հայաստանի առողջապահական համակարգում վերջին շրջանում կարևոր և առանցքային զարգացումներ և փոփոխություններ են իրականացվում։ Դրանցից է, օրինակ, 0-ից մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն անվճար տրամադրելը։ Սա թերևս 2011 թվականից հետո արված ամենամեծ ներդրումն է երեխաների առողջության պահպանման ոլորտում։Նախկինում անվճար բուժօգնությունից կարող էին օգտվել 0-7 տարեկան երեխաները, իսկ 7-ից մինչև 18 տարեկանները, եթե ընդգրկված էին սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում։

Նկատենք, որ երեխաների՝ պետության երաշխավորված՝ անվճար արտահիվանդանոցային/ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է պոլիկլինիկաներում (բուժմիավորումների, բժշկական կենտրոնների պոլիկլինիկական ստորաբաժանումներում), գյուղական առողջության կենտրոններում, գյուղական բժշկական ամբուլատորիաներում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում (ներառյալ նրանց կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետերը), ընտանեկան բժշկի գրասենյակներում:

ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության՝ Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնում է՝ երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ծավալները ներառում են՝

«Առողջ երեխայի հսկողությունը՝ երեխայի աճի և զարգացման գնահատմամբ, ներառյալ՝ կանխարգելիչ այցերի պարբերականության ժամանակացույցը և իմունականխարգելման գործընթացի ապահովումը, աճի և զարգացման շեղումների վաղ հայտնաբերումը, մանկական աուտիզմի թեստի իրականացումը և վաղ միջամտության իրականացումը՝ համաձայն զարգացման խանգարումներով երեխաների վաղ հայտնաբերման և վաղ միջամտության գործընթացի կազմակերպման ուղեցույցի։ Պատրոնաժ բուժքրոջ (խնամակալ) երեխաների բուժսպասարկումը, հիվանդ երեխաների շարունակական հսկողությունը, երեխաների բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման կազմակերպումը»,- նշում է Ավետիսյանը։

Սպասարկման ծավալներից են նաև երեխայի հիվանդության/խնամքի հետ կապված ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին ժամանակավոր անաշխատունակության թերթիկի տրամադրումը, հիվանդ երեխաների բժշկական օգնությունը և սպասարկումը բժշկական կազմակերպությունում և տանը, այդ թվում՝ տնային կանչերի և ակտիվ այցերի իրականացումը (ներառյալ այցերը՝ շտապօգնության ծառայության և հիվանդանոցային բժշկական կազմակերպության հաղորդագրության հիման վրա)՝ մինչև լավացում և/կամ առողջացում, երեխաների նեղ մասնագիտական բժշկական օգնությունը և սպասարկումը, խորհրդատվական և շարունակական հսկողության ապահովումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը:

«Երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ծավալների մեջ մտնում են անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող երեխաների դեղորայքային ապահովումը, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունը կարող է տրամադրել դեղ ոչ միայն բուժման, այլ նաև կանխարգելիչ նպատակներով: Դեռահասների, այդ թվում՝ 15 տարեկան աղջիկների առողջության գնահատման և 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտության և անհրաժեշտության դեպքում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը: Պետությունն իրականացնում է նաև հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը»,- հավելում է զրուցակիցը:

0-ից մինչև 18 տարեկան երեխաների դեպքում նաև հստակեցված է, թե առողջապահության առաջնային պահպանման օղակներում, այսինքն՝ պոլիկլինիկաներում, անվճար ինչպիսի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ են իրականացվում։ Դրանցից են հատկապես կլինիկական հետազոտությունները, միզասեռական քսուքների մանրադիտակային հետազոտությունը, կղանքում հելմինթների ձվիկների հայտնաբերումը, արյան ընդհանուր հետազոտություն և լեյկոֆորմուլա, մեզի ընդհանուր հետազոտություն, կղանքի մանրադիտակային հետազոտություն, կենսաքիմիական հետազոտություններ, գլյուկոզ, ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ:

Ինչպես նաև՝ խոլեստերին ռևմատոիդ գործոն, անտիստրեպտոլիզին-Օ, կոագուլոգրամմա, մանրէաբանական (բակտերիոլոգիական) հետազոտություններ, մեզի մանրէաբանական և կղանքի մանրէաբանական, խորխի մանրէաբանական, քսուքների (քթի, կոկորդի, ականջի, աչքի) մանրէաբանական հետազոտություն, արյան խմբի որոշում, հեպատիտ «B»-ի և հեպատիտ «C»-ի հետազոտություն, ՄԻԱՎ-ի իմունաֆերմենտային հետազոտություն՝ հղիների համար, իմունաբանական հետազոտություն, վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, կրծքագեղձերի ուլտրաձայնային և ռենտգենաբանական հետազոտություն, Էլեկտրասրտագրություն, սպիրոգրաֆիա:

0-ից 18 տարեկան երեխաների համար ամբողջությամբ անվճար են նաև դժվարամատչելի հետազոտությունները այն բժշկական ծառայություններում, որոնց հետ կնքված է պետական պատվերի պայմանագիր՝ ուղեգրի առկայության դեպքում։ Ավետիսյանն ասում է՝ դժվարամատչելի հետազոտությունների ցանկը պարբերաբար վերանայվում է, արդիականացվում:

«Օրինակ՝ թոքաբորբի կասկածի դեպքում, եթե երեխան հոսպիտալացվում է, հիվանդանոցային պայմաններում իրականցվում են մի շարք հետազոտություններ, օրինակ՝ կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, արյան ընդհանուր քննություն, Ց ռեակտիվ պրոտեինի որոշում, այս բոլորը ներառված են պետպատվերի շրջանակում։ Եթե, օրինակ, նույն երեխայի մոտ զարգանում է բարդություն, և անհրաժեշտ է կրկնել հետազոտությունները կամ ուղղորդել դժվարամատչելի հետազոտություններին, վերջիններս կրկին իրականացվում են պետպատվերի շրջանակում են»,- նկատում է նա։

Բացառություն են միայն ստոմատոլոգիական ծառայությունները, որոնք իրականացվում են պետական պատվերի շրջանակում անվճար մինչև 7 տարեկանների և սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված 7-18 տարեկանների երեխաների դեպքում։

Մասնագետի խոսքով՝ այս փոփոխությունն իր դրական ազդեցությունն է ունեցել, քանի որ նախկինում գրանցվում էին դեպքեր, երբ երեխայի մոտ հայտնաբերվում էր որևիցե խնդիր, ծնողը տեղեկանում էր այդ մասին, բայց բուժումը և անհրաժեշտ հետազոտությունները վճարովի լինելու պատճառով երեխան չէր կարողանում ստանալ համապատասխան բուժում, հատկապես՝ 7 տարեկանից բարձր երեխաներ պարագայում։

 

Աղբյուրը` Armtimes.com

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ