Գլխավոր էջ Նորություններ Եվս մեկ երկրում կապիկի ծաղիկով վարակման դեպք է գրանցվել

Եվս մեկ երկրում կապիկի ծաղիկով վարակման դեպք է գրանցվել

188
0

Պերուի տարածքում կապիկների ծաղիկ վիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է հանրապետության մայրաքաղաք Լիմա քաղաքում: Այս մասին կիրակի հայտարարել Է Պերուի առողջապահության նախարար Խորխե Լոպեսը։ Նրա խոսքով՝ վարակվածը օտարերկրացի է, ներկայումս նա մեկուսացված է, նրա վիճակը կայուն է։

Առողջապահության համաշխարհային ցանցը (The World Health Network) կապիկի ծաղիկը համավարակ է հայտարարել:

Հունիսի 23-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ աշխարհի 58 երկրում հաստատվել է կապիկի ծաղիկի 3417 դեպք և բռնկումներն ակտիվորեն տարածում են գտնում բոլոր մայրցամաքներում:

Հիշեցնենք, որ հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:

Ներկայումս արձանագրվում է վարակի փոխանցումը մարդուց մարդ: Փոխանցումը հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումն օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:

Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, որոնք ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղիկի ախտանշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, որոնք պատվաստվել են բնական ծաղիկի դեմ, ունեն որոշակի պաշտպանվածություն նաև կապիկի ծաղիկից:

Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում:

Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ