Գլխավոր էջ Նորություններ Ո՞ւմ է թրոմբոզ սպառնում

Ո՞ւմ է թրոմբոզ սպառնում

257
0

Թրոմբոզը կարող է առաջանալ տարեց մարդկանց, ինչպես նաեւ նրանց մոտ, ովքեր քիչ են շարժվում, անբավարար քանակությամբ հեղուկ են խմում եւ ունեն երակների վարիկոզ լայնացում, «Մոսկվա 24»-ին ասել է սրտաբան Յուլյա Մարշինցեւան։

Մասնագետի խոսքով՝ թրոմբոզը կարող է սպառնալ այնպիսի հետեւանքներով, ինչպիսին են ինսուլտները, ինֆարկտները եւ թոքային զարկերակի խցանումները, որոնք կարող են մահվան հանգեցնել։ Ռիսկի խմբում են 60-ից բարձր տարիքի մարդիկ, քանի որ տարիքի հետ արյան մածուցիկությունը մեծանում է:

«Բացի այդ, առողջ մարդկանց երկար թռիչքները կարող են լինել թրոմբոզի զարգացման ռիսկի գործոններ, քանի որ մարդը գտնվում է մեկ դիրքում։ Ուստի, երբ խոսքը երկար թռիչքների մասին է, ցանկալի է շատ ջուր խմել եւ հնարավորության դեպքում քայլել ինքնաթիռում»,- ասել է սրտաբանը։

Մարդիկ, որոնք հիմնականում քիչ են շարժվում եւ անբավարար քանակությամբ են հեղուկ խմում, նույնպես հակված են թրոմբոզի, զգուշացնում է բժիշկը։ Այս խնդրին հանգեցնող տարածված հիվանդություններից է երակների վարիկոզ լայնացումը:

«Լայնանում են մարդու խոշոր ենթամաշկային երակների անցուղիները՝ դրանք փոքր ճյուղեր են, որոնք տարածվում են ստորին վերջույթների երակների բնից: Երբ դրանք լայնանում են, այնտեղ արյունը շարժվում է անկանոն, քաոսային կամ լճանում է»,- պարզաբանել է մասնագետը։

Եթե վարիկոզը սուր է արտահայտված, ապա ավելի լավ է հեռացնել երակները, որպեսզի թրոմբներ չառաջանան, խորհուրդ է տալիս սրտաբանը։ Մասնագետը նաեւ նշել է, որ թրոմբոզը կարող է առաջանալ ոչ միայն տարեց մարդկանց մոտ. վերջին տարիներին հիվանդությունը երիտասարդացել է։

«Ուստի արժե երբեմն, գոնե տարին մեկ անգամ, կոագուլոգրամա անել (հատկապես հիվանդություններից, նույնիսկ մրսածությունից հետո), որը ցույց է տալիս արյան մածուցիկության բնութագիրը»,- եզրափակել է Մարշինցեւան:

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ