Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանյան 70 դպրոցում չկա խմելու կամ լվացվելու ջուր

Հայաստանյան 70 դպրոցում չկա խմելու կամ լվացվելու ջուր

261
0

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի, չնայած ջուր և սանիտարահիգիենիկ պայմաններ չունեցող դպրոցների թվի կայուն նվազմանը, խորը անհավասարություն կա երկրների միջև և երկրների ներսում այս առումով:

Ամենաքիչ զարգացած երկրների և անկայուն իրավիճակում գտնվող բնակավայրերի դպրոցականներն ամենաշատն են տուժում: Դրան զուգահեռ, տվյալները փաստում են, որ շատ քիչ դպրոցներ ունեն հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված սանհանգույցներ և սանիտարահիգիենիկ պայմաններ:

«Չափազանց մեծ է այն երեխաների թիվը, որոնք հաճախում են խմելու ջուր, մաքուր սանհանգույցներ, ձեռքերը լվանալու օճառ չունեցող դպրոցներ, ինչը դժվարացնում է ուսուցումը, — նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սանիտարահիգիենիկ պայմանների, կլիմայի, շրջակա միջավայրի, էներգետիկայի և աղետների ռիսկի նվազեցման հարցերով բաժնի ղեկավար Քելի Էն Նեյլորը, — ՔՈՎԻԴ-19 համավարակն ընդգծեց առողջ և ներառական կրթական միջավայր տրամադրելու կարևորությունը: Երեխաների կրթությունը պաշտպանելու համար վերականգնման ճանապարհը պետք է ներառի դպրոցներում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի տարրական ծառայությունների առկայություն այսօր և ապագայում»:

«Ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը ոչ միայն կարևոր է վարակների արդյունավետ կանխարգելման և վերահսկման առումով, այլ նաև երեխաների առողջության, զարգացման և բարեկեցության գրավականն է, — նշել է ԱՀԿ-ի շրջական միջավայրի, կլիմայի փոփոխության և առողջապահության հարցերով բաժնի ղեկավար Մարիա Նեյրան, — Դպրոցը պետք է լինի այնպիսի վայր, որտեղ երեխաները կզարգանան և չեն ենթարկվի դժվարությունների և առերեսվի վարակների տարրական ենթակառուցվածքների բացակայության կամ վատ պահպանման պատճառով»:

Դպրոցները կարևոր դեր ունեն առողջարար սովորությունների և վարքագծի ձևավորման խթանման գործում, սակայն շատերը, 2021 թվականի դրությամբ, չունեին տարրական սանիտարահիգիենիկ պայմաններ:

 

Համաձայն ԱՀԿ-ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ մշտադիտարկման ծրագրի վերջին տվյալների՝

 

.Աշխարհում դպրոցների 29 տոկոսը դեռևս չունի խմելու ջրի մատակարարում, ինչի հետևանքով տուժում է 546 միլիոն դպրոցական: Դպրոցների 28 տոկոսը դեռևս չունի սանիտացիայի տարրական ծառայություններ, ինչի հետևանքով տուժում է 539 միլիոն դպրոցական: Դպրոցների 42 տոկոսը դեռևս չունի հիգիենայի տարրական ծառայություններ, ինչի հետևանքով տուժում է 802 միլիոն դպրոցական:

. Սանիտարահիգիենիկ պայմաններ չունեցող դպրոց հաճախող երեխաների մեկ երրորդը ապրում է ամենաքիչ զարգացած երկրներում, իսկ կեսից ավելին ապրում է անկայուն իրավիճակում գտնվող բնակավայրերում:

. Մինչև 2030 թվականը աշխարհի դպրոցներում համընդհանուր ծածկույթի հասնելու համար պահանջվում է խմելու ջրի գծով առաջընթացին ուղղված ընթացիկ քայլերի տեմպի 14-ապատիկ աճ, տարրական սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման գծով երեք անգամյա, իսկ հիգիենայի տարրական ծառայությունների բարելավման հարցում հնգապատիկ աճ:

. Ամենաքիչ զարգացած երկրներում և անկայուն իրավիճակում գտնվող բնակավայրերում մինչև 2030 թվականը դպրոցների տարրական սանիտարական ծառայությունների համընդհանուր ծածկույթ ապահովելը կպահանջի ավելի քան 100-ապատիկ և 50-ապատիկ աճ՝ առաջընթացին ուղղված համապատասխան ընթացիկ գործողությունների տեմպերի առումով:

. Հնարավոր համավարակներին դիմակայման և արձագանքման բարելավումը կպահանջի դպրոցներում ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների, ինչպես նաև վարակի կանխարգելման և վերահսկման այլ տարրերի ավելի հաճախակի մշտադիտարկում, այդ թվում՝ մաքրության, ախտահանման և կոշտ թափոնների կառավարման մասին:

.Ազգային տվյալները փաստում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց հասանելի սանիտարահիգիենիկ ծառայությունների ծածկույթը փոքր է և մեծապես տատանվում է տարրական, հիմնական և ավագ դպրոցներում քաղաքային և՛ գյուղական բնակավայրերի միջև, որտեղ դպրոցներն ավելի հավանական է, որ ունենան մատչելի խմելու ջուր, քան մատչելի սանիտարահիգիենիկ պայմաններ:

.Հասանելի տվյալներ ունեցող երկրների կեսում դպրոցների մեկ քառորդից քիչն ուներ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի սանհանգույցներ:

. Հասանելի տվյալներ ունեցող երկրների մեծ մասում դպրոցներն ավելի հավանական է, որ ունենային հարմարեցված ենթակառուցվածք և պարագաներ (թեքահարթակներ, աջակցող տեխնոլոգիաներ, ուսումնական նյութեր), քան հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի սանհանգույցներ:

Իրավիճակը Հայաստանում

Ըստ ՀՀ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի, 2021-2022 ուսումնական տարում՝

.135 դպրոցում (9%), որտեղ ուսանում է ավելի քան 12,500 աշակերտ (3%) և աշխատում շուրջ 1580 ուսուցիչ (4%), գոյություն չունի կոյուղու համակարգ:

. 70 դպրոցում (5%), որոնք ունեն շուրջ 4400 աշակերտ (1%) և մոտ 630 ուսուցիչ (1.6%), չկա խմելու կամ լվացվելու ջուր:

. Իսկ շուրջ 60 դպրոցներում սովորող ավելի քան 3600 աշակերտ (0.9%) և 517 ուսուցիչ (1.3%) չունի ո՛չ սանիտացիայի պայմաններ, ո՛չ էլ ջուր:

2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը բարելավել է Արատատի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերի 15 դպրոցների սանիտարահիգիենիկ պայմանները, դպրոցները դարձրել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի: Այս տարի դրան կավելանա ևս 5 դպրոց՝ Սյունիքի մարզի, Գորիս, Կապան և Սիսիան համայնքներում:

Ի լրումն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծրագրում է իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների սանիտարահիգիենիկ պայմանների գնահատում, գործող նորմերի վերանայում, նոր առաջարկությունների ներկայացում, որը հնարավորություն կտա թիրախային ու արդյունավետ ներգործություն ունենալ, աստիճանաբար բարելավել ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ պայմանները` ապահովելով սովորողների և դասավանդողների համար արժանավապատիվ միջավայր։

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ