Գլխավոր էջ Գլխավոր Բուժաշխատողների աշխատավարձը կբարձրանա՞․ ի՞նչ են հայտնում ԱՆ-ից

Բուժաշխատողների աշխատավարձը կբարձրանա՞․ ի՞նչ են հայտնում ԱՆ-ից

436
0

Երեկ՝ հունիսի 21-ին նշվում էր բուժաշխատողների տոնը։ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հարցազրույցներից մեկում անդրադառնալով օրվա թեմային՝ ասաց, որ իրենց առօրյա աշխատանքի ընթացքում պարբերաբար տեղեկանում են, թե բուժաշխատողներն ի՞նչ խնդիրներ ունեն, և այդ խնդիրները լսելուց հետո փորձում են նաև լուծումներ գտնել՝ իրենց իսկ առաջարկությունների հիման վրա։

«Իրենց կողմից բազմաթիվ հարցեր են բարձրաձայնվում, դրանք կարող են կապված լինել և՛ իրենց աշխատանքային պայմանների բարելավման, օրինակ՝ որոշակի սարքավորումների կամ դեղորայքի պակասի, նոր դեղորայքի անհրաժեշտության, հաճախ մատնանշում են, որ կարիք կա որոշակի ոլորտներում լրացուցիչ դասընթացների կազմակերպման, իրենց հմտությունների բարձրացման մասով, բարձրաձայնում են իհարկե աշխատանքային պայմանների հարցերը, աշխատավարձային խնդիրները և դա ասեմ, որ Առողջապահության նախարարության և կառավարության ուշադրության կենտրոնում է»,- նշեց Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Այն հարցին, թե արդյո՞ք մտադիր են բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը, Լենա Նանուշյանը նշեց, որ ոչ միայն մտադիր են բարձրացնել, այլև 2018թ․-ից սկսած՝ տարեցտարի բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացում է իրականացվել․ «Կարող եմ նույնիսկ թվային արտահայտումով ներկայացնել առաջնային օղակի բժիշկների աշխատավարձի բարձրացումը, 2018թ-ից հետո եղել է մոտավորապես 30%-40% բարձրացում, իսկ բուժքույրերինը ավելի շատ՝ մոտավորապես 65% բարձրացում»։

Նանուշյանն ընդգծեց, որ իրենք այս տվյալների վրա կանգ չեն առնելու և շարունակելու են բուժաշխատողների աշխատավարձերի վերանայումը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ