Գլխավոր էջ Գլխավոր ՔՈՎԻԴԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ․ կլինե՞ն նոր սահմանափակումներ

ՔՈՎԻԴԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ․ կլինե՞ն նոր սահմանափակումներ

446
0

Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 60 նոր դեպք է արձանագրվել: Կատարվել է 6968 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 102 պացիենտ: Առ այսօր ապաքինվել է 423 104 մարդ, վերջին մեկ շաբաթում՝ 25: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի արձանագրվել. մահացածների թիվը 8625 է: Ուրախանա՞լ․ կարծես Քովիդ 19-ի պատճառած «տանջանքներից» հետո եկել է մի փոքր անհոգանալու և թեթևանալու ժամանակը։ Քովիդը կարծես չի անհանգստացնում, իսկ պատվաստման գործընթացը թվում է՝ դանդաղել է կամ ետին պլան մղվել։ Բայց աշխարհում պատկերն այնքան էլ հուսադրող չէ, ԱՀԿ-ն ևս չի շտապում ուրախացնել մարդկանց, անընդհատ հիշեցնում է, որ կորոնավիրուսը անցյալում չէ ու սպասվում է էլ ավելի հզոր ալիք։

Այս ամառ Շվեյցարիայի բնակչության մոտ 15%-ը կարող է վարակվել Covid Omicron-ի նոր ենթատեսակներով։ Այս մասին հայտարարել է Covid-19-ի դեմ պայքարի կառավարության աշխատանքային խմբի նախկին ղեկավար Տանյա Շտադլերը։Նրա խոսքով, կլինիկաների ինտենսիվ թերապիայի բաժանմունքների ծանրաբեռնվածության վտանգը (և դա այժմ վիրուսի վտանգի գնահատման հիմնական չափանիշն է) դեռևս փոքր է, բայց կարելի է ակնկալել հոսպիտալացումների թվի աճ և բախումների դեպքեր:

«Մենք գնահատում ենք, որ Շվեյցարիայի բնակչության մոտ 15%-ը (8,6 միլիոնից) այս ամառ կվարակվի նոր տեսակի վիրուսով, այսինքն՝ ավելի քան մեկ միլիոն մարդ», — ասել է նա, հունիսի 20-ին տված հարցազրույցում։

Ըստ Տանյա Շտադլերի՝ վարակների շատ դեպքեր մնում են չբացահայտված, քանի որ մարդիկ դադարել են թեստավորվել նույնքան ակտիվ, որքան նախկինում:

Omicron BA.4 և BA.5 վիրուսների շտամները մարտին ավելացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մոնիտորինգի ցուցակում: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) կողմից դրանք դասակարգվել են որպես «անհանգստացնող»:

Իսկ ահա, Իսրայելի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է COVID-19-ի յոթերորդ ալիքի մեկնարկի մասին։ Այս երկրի հիվանդանոցներում վերաբացվում են կորոնավիրուսի բաժանմունքները։ Անցած շաբաթվա վերջին Իսրայելում վարակվածների թիվը գերազանցել է 47 հազարը, որից մոտ 600-ը հոսպիտալացվել են։Հիվանդանոցներում վերաբացվում են կորոնավիրուսային բաժանմունքները, չի բացառվում կարանտինային միջոցառումների խստացումը, կիրակի գրում են իսրայելական լրատվամիջոցները։Ի դեպ, այս երկրում պատվաստման գործընթացը բավականին ակտիվ էր։

Պորտալը հայտնում է, որ մինչ այժմ Առողջապահության նախարարությունը չի պնդում տարածքներում և հասարակական տրանսպորտում դիմակների ռեժիմի վերադարձը, սակայն խորհուրդ է տալիս բնակիչներին դեռ դիմակ կրել։ Իսրայելում դիմակ կրելը պարտադիր է հիվանդանոցներում, կլինիկաներում և դեղատներում, այն հաստատություններում, որտեղ գտնվում են տարեցները։

Հայաստանում դեռևս նոր ալիքի մասին խոսակցություններ չկան, տեղեկատվությունը այնքանով է, որքանով տրամադրում է ԱՀԿ-ն, որը չի բացառում քովիդի նոր ալիքը։

Հիշեցնենք, որ Medmedia.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշել էր, որ այս պահին ՀՀ-ում համաճարակային իրավիճակը բարենպաստ է, կայուն համաճարակային պատկեր ունենք։ Համավարակի սկզբից մինչև այսօր ակտիվ դեպքերի թիվը ամենանվազագույն գրանցված ցուցանիշի վրա է։ Նա նաև նշել էր, որ պատվաստումների պահանջարկը բավականին նվազել է, եթե նախկինում օրական մինչև 25-27 հազար պատվաստում էինք ունենում, ներկայում օրական՝ 1000 1200 դեղաչափ պատվաստում է լինում, իսկ առաջին դեղաչափը 200-250 պատվաստում։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ