Գլխավոր էջ Գլխավոր Ահազանգ․կյանքեր փրկող բժիշկն աշխատավարձ չի ստանում

Ահազանգ․կյանքեր փրկող բժիշկն աշխատավարձ չի ստանում

1048
0

Medmedia.am առողջապահական լրատվական կայքն ահազանգ է ստացել Ապարանի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ բժիշկ Տաթևիկ Ադիլյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ կատարած աշխատանքի դիմաց ամբողջական աշխատավարձ չի ստանում։

«2018 թվականից աշխատում եմ Ապարանի բժշկական կենտրոնում, սովորում էի նպատակային օրդինատուրայում, ինձ ուղեգրեցին Ապարան։ 2018-2020 թվականներին ամեն հերթապահության համար ստացել եմ 6000 դրամ, որը աբսուրդ է և նման աշխատավարձ որևէ մարզում չկար։ Ես ձայն բարձրացրեցի և դրանից հետո խնդիրը կարգավորվեց։ Երկու ամիս վարձատրությունը դարձավ կանչերի թվով, ամեն կանչը՝ 2500 դրամ։ Հետո ես գնացի ֆիզ․ արձակուրդ»,-ասաց բժշկուհին։

Հիմա նա նորից վերադարձել է աշխատանքի և այս ամսվա նրա աշխատավարձը  կազմել է ընդամենը 17.000 դրամ․«Ես ամսվա մեջ միջինում ունենում եմ 6, 7, 8 հերթապահություն։ Ամեն հերթապահության ընթացքում ամենաքիչը կատարում եմ տասը կանչ, որը կազմում է 25 հազար դրամ, բայց ամսական ստանում եմ տարբեր չափի աշխատավարձ՝ 17.000 դրամ, 6000 դրամ կամ օրինակ 23.000 դրամ։

Հարցին, թե ինչպես են բժշկական կենտրոնում բացատրում աշխատավարձի քիչ լինելը նա ասաց․«Հիմնավորում են նրանով, որ իբր Առողջապահության նախարարությունը չի ֆինանսավորել հիվանդանոցին, իսկ հիվանդանոցը բյուտջե չունի։ Նախարարությունն իբրև իմ կանչերը չի ընդունել այնքան, որքան ես կատարել եմ, օրինակ այս ամիս ինձնից ընդունել է ընդամենը 7 կանչ և այս ամիս ես ստանում եմ այդ 7 կանչի գումարը»։

Նա նաև հայտնեց, որ դիմել է մարզպետարան, սակայն ոչինչ չի փոխվել։

«Ես շարունակում եմ աշխատել նույն բժշկական կենտրոնում։ Չաշխատելու դեպքում նախարարությանը պետք է 5 միլիոն դրամ վճարեմ, քանի որ ունեմ պարտավորվածություն՝ պայմանավորված հանգամանքով, որ ես սովորել եմ նպատակային օրդինատուրայում, այսինքն՝ անվճար և պայմանով, որ պետք է մարզում աշխատեմ»,-ասաց նա։

Ադիլյանը նաև նշեց, որ խնդրի մասին բազմիցս է բարձրաձայնել, ավելին՝ օրերս նորից է խոսել բժշկակական կենտրոնի տնօրենի հետ․«Երեկ տնօրենի հետ խոսեցի՝ տնօրենն ասում է, որ նախկինում եռամսյակը մեկ էին ֆինանսավորում, իսկ հիմա վեցամսյակը մեկ։ Վեց ամիսը պետք է լրանա, այսինքն՝ պետք է սպասենք ևս մեկ ամիս և հուլիսին կստանաք մեր չստացած աշխատավարձը»։

Նա նաև տեղեկացրեց, որ մոտ երկու ամիս առաջ զանգահարել է  Առողջապահության նախարարության թեժ գիծ, ներկայացրել իրավիճակը, սակայն իր հետ կապ չեն հաստատել։ Տասը օր սպասելուց հետո, նորից է զանգահարել, այս անգամ նրան ասել են, որ պետք է նախարարի անունով դիմում գրել։

Մեր զրույցի վերջում նա նորից նշեց, որ ընդամենն ուզում է ստանալ իր աշխատածին համարժեք վարձատրություն։ Փասատցի, բժշկուհին երկընտրանքի առաջ է կանգնած, քանի որ ունի մարզում աշխատելու պարտվորվածություն, իսկ մյուս կողմից՝ մարզում ոչ թե աշխատում է, այլ՝ շահագործվում։

Լ․ Հակոբյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ