Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ գոտկացավի դեպքում ՄՌՏ հետազոտությունը պարտադիր է

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ գոտկացավի դեպքում ՄՌՏ հետազոտությունը պարտադիր է

807
0
Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքում հյուրընկալվել է նյարդաբան Հռիփսիմե Պոդոսյան։ Նրա հետ զրույցի թեման գոտկացավի ժամանակ ՄՌՏ հետազոտությունն է։
Միֆ — Գոտկացավի դեպքում ՄՌՏ հետազոտություն կատարելը պարտադիր է։ Գոտկացավ ունեցող յուրաքանչյուր մարդ կարծում է, որ ունի միջողնային ճողվածք, որի դեպքում պետք է դիմել այս ռադիոլոգիական հետազոտությանը։ Շատերը օգտվում են հետազոտության հասանելիությունից, կատարում են ՄՌՏ հետազոտություն և հետո ընկնում տագնապային և խուճապային վիճակի մեջ, օրինակ՝ եզրակացության մեջ կարդալով միջողնային ճողվածք տերմինը։
Իրականություն – Համարվում է, որ գոտկացավի գանգատով նյարդաբանին կամ առհասարակ առաջնային օղակի բժիշկներին դիմած պացիենտներից ընդամենը 5-7 տոկոսի մոտ է ախտորոշվում միջողնային ճողվածք։ Ընդ որում, նրանց կեսի կամ ավելի քչի մոտ բուժման տակտիկան փոփոխելու կամ ռադիկալ միջամտության կարիք չի լինում։ Այսինքն՝ 5-7 տոկոսի մոտ նույնիսկ եթե ախտորոշվում է, ապա շատ են դեպքերը, երբ պացիենտը ունի միջողնային ճողվածք և չի էլ կասկածում այդ մասին, այսինքն՝ կլինիկական դրսևորում անգամ կարող է չլինել, իսկ վիրահատություն ինչ-ինչ պատճառներից ելնելով շատ քիչ դեպքերում է ցուցվում։ Համարվում է, որ միջինում 4-6 շաբաթների ընթացքում առհասարակ ցուցված չէ նոր առաջացած գոտկացավի դեպքում կատարել որևէ ռադիոլոգիական հետազոտություն։ Գոտկացավով պացիենտների մոտ 85 և ավելի տոկոսը ՄՌՏ հետազոտություն անցնելուց հետո չի հայտնաբերվում միջողնային ճողվածք կամ օնկոլոգիական հիվանդություն, ինչպես կարծում են շատերը։ Այսինքն՝ գոտկացավի պատճառը 85-90 տոկոս դեպքերում ոչ սպեցիֆիկ գոտկացավերն են, որոնց հիմքում օրգանական լուրջ ախտահարում կամ հիվանդություն ընկած չէ։ Գոտկացավերը հիմնականում ինքնակարգավորվում են միջինում մեկ ամսվա ընթացքում, ավելի երկարատև դեպքերում մինչև 6-14 շաբաթների ընթացքում։ Այսինքն՝ հիմնականում պահանջվում է միայն առաջնային ընտրության դեղորայքներից հակաբորբոքային ցավազրկողներ, ֆիզիկական ադեկվատ ակտիվություն, իսկ այլ հետազոտություն չի պահանջվում։ Եթե գոտկացավը տևում է մեկ շաբաթից ավելի և ինքնուրույն չի անցնում, ապա խորհուրդ է տրվում դիմել նյարդաբանի կամ թերապևտի, ովքեր էլ կորոշեն՝ կա արդյոք հետազոտության կարիք, թե ոչ։ Պետք է հիշել, որ ՄՌՏ հետազոտությունը ողնաշարի կառուցվածքային և շրջակա հյուսվածքների մասին պատկերացում կազմելու համար է և միայն նյարդաբանը գնահատելով արդյոք առկա է նյարդաբանական դեֆիցիտ և օբյեկտիվ դրսևորումներ կարող է ցուցել ՄՌՏ հետազոտություն կամ էլ առանց որևէ հետազոտության կարողանա ճիշտ խորհուրդներ տալ և կոնսերվատիվ բուժման միջոցով օգնել խուսափելու հետագա բարդություններից, խնայել ժամանակը և ռեսուրսը։
Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ