Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ է կապիկի ջրծաղիկը և ինչու՞ հենց «կապիկի»

Ի՞նչ է կապիկի ջրծաղիկը և ինչու՞ հենց «կապիկի»

818
0

Medmedia.am-ի հարցերին է պատասխանում հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Medmedia.am-Ի՞նչ է կապիկի ջրծաղիկը և ինչու՞ հենց «կապիկի», այն նո՞ր հիվանդություն է։

Դավիթ Մելիք-Նուբարյան- Վերջերս ԵՊԲՀ «Հերացի» վերլուծականը, համալսարանի առաջատար համաճարակաբանների հետ համատեղ անդրադարձել էր այս հիվանդությանը, կարևորելով հանրությանը հավաստի, ստուգված և վստահելի տեղեկատվության տրամադրումը: Կապիկի ծաղիկը մարդկությանը հայտնի է 1958 թվականից, այն հայտնաբերվել է Եվրոպա ներկրված կապիկների շրջանում, դա էլ հիմք է հանդիսացել անվանման համար: Սակայն հետագայում վիրուսը հայտնաբերվել է նաև կրծողների մոտ։ Հիվանդությոնը բնորոշ է Աֆրիկյան մայրցամաքին, ավելի կոնկրետ Կենտրոնական և Արեւմտյան հատվածին։ Ուզում եմ ընդգծել, որ մարդկանց շրջանում առաջին դեպքը գրանցվել է 1970 թվականին, այնուհետև պարբերաբար եզակի դեպքեր և սահմանափակ բռնկումներ ևս լինում էին, վերջինը եղել է ոչ վաղ անցյալում՝ 2018 թվականին, Եվրոպայում՝ հիվանդության էնդեմիկ գոտիներից վերադարձած անձանց շրջանում։

Medmedia.am-Ինչու՞ այն ակտիվացավ Քովիդի պասիվացման փուլում:

Դավիթ Մելիք-Նուբարյան- Դժվար է ասել, բայց ամենայն հավանականությամբ դա զուգադիպություն է։ Չեմ կարծում, որ այստեղ որևէ կապ կա, քանի որ թե՛ վիրուսները, թե՛ իրենց փոխանցման մեխանիզմները, թե՛ հիվանդության ընթացքը և ախտանշանները չափազանց տարբեր են։ Ամեն դեպքում, այս բռնկումը տարբերվում է նախորդներից իր տարածվածությամբ և նրանով, որ հիվանդացած մարդիկ չեն ունեցել Աֆրիկա ճանապարհորդելու կամ ճանապարհորդած անձանց հետ շփվելու պատմություն։

Medmedia.am-Կա՞ն հատուկ ախտանշաններ:

Դավիթ Մելիք-Նուբարյան -Այո, կապիկի ծաղիկի ախտանշաններն են բարձր ջերմությունը, գլխացավը, մկանային ցավը, այտուցված ավշային հանգույցները, դողը և ընդհանուր թուլությունը: Վերոնշյալ ախտանշաններին սովորաբար հաջորդում է ցանավորումը, որը սովորաբար սկսվում է դեմքի հատվածից այնուհետև տարածվելով մարմնի այլ մասերի վրա: Ցանն անցնում է տարբեր փուլեր՝ վերածվելով հեղուկով լցված բշտիկների, այնուհետև չորանալով և անհայտանալով մարդու մաշկից: Վերանալուց հետո մարդը այլևս վարակիչ չէ: Հիվանդության ընդհանուր տևողությունը 2-4 շաբաթ է:

Medmedia.am- Ո՞ր երկրներին է այն սպառնում:

Դավիթ Մելիք-Նուբարյան -Մենք տեսնում ենք, որ աշխարհագրությունն ընդլայնվում է, նոր երկրներ են հայտնում հիվանդության հայտնաբերման մասին և կարող ենք ասել, որ ցանկացած երկրում տեսականորեն դեպքեր հնարավոր են։ Ամեն դեպքում, այս հիվանդության համաճարակաբանական ներուժը, գոնե այս պահին ավելի թույլ է քան օրինակ, բնական ծաղիկինն էր։ Այն տարածվում է սերտ շփման, կոնտակտի միջոցով։

Medmedia.am -Ինչպե՞ս խուսափել այս հիվանդությունից։

Դավիթ Մելիք-Նուբարյան-Ընդհանուր առմամբ, բնակչության համար հիվանդանալու վտանգը ներկայում գնահատվում է ցածր, անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներից են հիգիենայի, այդ թվում նաև ռեսպիրատոր կանոնների խստիվ պահպանումը, ինչպես նաև հիվանդությանը բնորոշ ախտանշանների դեպքում անմիջապես դիմելը բուժօգնության: Եթե պետք է այցելել Աֆրիկյան երկրներ, ապա անհրաժեշտ է խուսափել վայրի, ջերմային մշակման չենթարկված կենդանիների միս ուտելուց։

Medmedia.am -ԱՀԿ-ն ունի՞ ուղեցույց այս հիվանդության մասով։

Դավիթ Մելիք-Նուբարյան- Քանի որ հիվանդությունը նոր չէ, այն ուսումնասիրված է և առկա են վերջինի կառավարման ուղեցույցները, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային։

Սյուզի Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ