Գլխավոր էջ Գլխավոր Արդյո՞ք պահպանվում է ծխելու արգելքի մասին օրենքը

Արդյո՞ք պահպանվում է ծխելու արգելքի մասին օրենքը

475
0

Մարտի 15-ից ուժի մեջ է մտել հանրային սննդի վայրերում ծխելու արգելքը: Խոսքը նաև բացօթյա օբյեկտների մասին է (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ և այլն):

ԱԺ –ի ընդունած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020-ի մարտի 21-ից:

Ծխող քաղաքացու համար տուգանքի չափը կազմում է 50 000 դրամ, իսկ սննդի կետերի տնօրինության համար՝ 150-200 000 դրամ: Կան քաղաքացիներ ովքեր սույն որոշումը սխալ են համարում, նշելով, թե այս սահմանափակումը ոչ մի կերպ չի նպաստելու ծխողների թվի կրճատմանը, ավելին, ծխողը շարունակելու է ծխել։

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը անդրադառնալով  ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների  օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցմանն ու կանխարգելմանը, ինչպես նաև առողջ սնուցմանն ուղղված առողջապահության նախարարության քաղաքականությանը, նշել էր, թե Առողջապահության նախարարության քաղաքականությունը միտված է առողջ ապրելակերպի քարոզմանը և միջոցառումները ներկա և ապագա սերունդներին պաշտպանելու համար են։

Բայց արդյո՞ք, հանրային վայրերում ծխելու արգելքը կնպաստի ծխողների թվի կրճատմանը, կամ արյո՞ք հանրային վայրերում պահպանվում է օրենքը։

Ի դեպ, դեռևս կան հանրային վայրեր, որտեղ արդիկ շարունակում են ծխել, իսկ ահա հանրային տրանսպորտը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, վերածված է իսկական ծխարանի, վարորդները շարունակում են ծխել, հաշվի չառնելով սահմանված նորմերը։ Իսկ ինչպե՞ս է Առողջապահության նախարարությունը պատրաստվում վերահսկողական օղակ սահմանել, դեռ պարզ չէ։ Ստացվում է, որ որտեղ «հանձագործին» բռնացնեն, այնտեղ էլ՝ կտուգանեն։

Ծխողներից շատերը պնդում են, որ ծխախոտի գովազդը արգելելով իրենք չեն դադարելու ծխել, ավելին, «արգելված պտուղը քաղցր է», իսկ ահա ՀՀ ԱՆ ներկայացուցիչների գնահատականներով՝ օրենքի դրույթները կյանքի կոչելը խիստ կարևոր և արդիական է, քանի որ, ըստ հետազոտությունների, ծխախոտի ցուցադրության արգելքը նվազեցնում է գովազդի ազդեցությունը դեռահասների վրա մինչև 83%-ով։

Ի դեպ՝ վերջերս համացանցում լուրեր էին տարածվել, թե հանրային վայրերում ծխելու արգելքը հանվելու է։ Նախարարությունը շտապեց հերքել․

«Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է համացանցում տարածվող լուրերը, թե հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում` բացօթյա, ծխելու մասին արգելքը հանվելու է:Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ նման քննարկում չկա, օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ»,-նշված էր հայտարարության մեջ։

Առողջապահության նախարարությունը հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման վերաբերյալ ահազանգող քաղաքացիներին հայտնում է, որ համաձայն «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը. ենթակետի՝ ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) օգտագործումը հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ) արգելվում է:

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ