Գլխավոր էջ Նորություններ Ավստրալիայում հայտնաբերվել է մարդու՝ կապիկի ջրծաղիկով վարակվելու առաջին դեպքը

Ավստրալիայում հայտնաբերվել է մարդու՝ կապիկի ջրծաղիկով վարակվելու առաջին դեպքը

501
0

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում կապիկների ջրծաղիկով մարդու վարակման դեպք է հայտնաբերվել։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել են առողջապահության նախարարությունից, գրում է ՏԱՍՍ-ը։

Բժիշկների խոսքով, մայրցամաքում կապիկի վիրուսի առաջին կրողը 40-ամյա մի տղամարդ է, որն օրեր առաջ է վերադարձել Եվրոպա կատարած ճամփորդությունից։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ հիվանդը դիմել է ընդհանուր բժշկի՝ կապիկի ջրծաղիկով վարակվելու ախտանշաններով։ Շտապ հետազոտություններից հետո բժիշկները հաստատել են նրա ախտորոշումը՝ մեկուսացնելով վարակվածին ու նրա ընտանիքի անդամներին։

Նահանգի գլխավոր սանիտարական բժիշկը նշել է, հիվանդությունն Ավստրալիայի համար էնդեմիկ չէ, սակայն վարակվելու դեպքերը «երբեմն գրանցվում են աֆրիկյան որոշ երկրներից վերադարձած մարդկանց, ինչպես նաև ներմուծված ընտանի կենդանիների տերերի մոտ»։

Նա նաև հայտնել է, որ հիվանդությունը սովորաբար ընթանում է թեթև և հիվանդն ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում։

Նշենք, որ գարնանը Եվրոպայում գրանցվել են կապիկների ջրծաղիկով վարակվելու անսովոր մեծ թվով դեպքեր, որոնցից ավելի քան 40-ը վարակվել է Իսպանիայում և Պորտուգալիայում: Վերջերս դեպքեր են հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Վարակը խիստ վարակիչ չէ, քանի որ փոխանցման համար անհրաժեշտ է սերտ շփում:

Կապիկի ջրծաղիկի սկզբնական ախտանշաններն են՝  ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Մաշկային ցաները կարող են հայտնվել նաև հատկապես դեմքի վրա և տարածվել մարմնի այլ մասերում։

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ