Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր վարակն է բարձրացնում դիաբետի առաջացման հավանականությունը

Ո՞ր վարակն է բարձրացնում դիաբետի առաջացման հավանականությունը

428
0

Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Diabetologia ամսագրում,  ցույց է տվել, որ հերպեսի երկու տարածված վիրուս կարող է նպաստել գլյուկոզայի մետաբոլիզմի խախտմանը եւ 2-րդ տեսակի դիաբետի հավանականության մեծացմանը։ Հետազոտությունը ղեկավարել է դոկտոր Թիմ Վելֆլեն Մյունխենի (Գերմանիա) Լյուդվիգ-Մաքսիմիլիանի եւ Հելմհոլցի համալսարանից, տեղեկացրել է МедикФорум-ը։

Հերպեսի վիրուսները մարդկանց մոտ առավել տարածված վիրուսներից են, ներկայում հայտնի է դրանց ութ տեսակի մասին։ Դրանք առաջ են բերում ցմահ քրոնիկական վարակներ, որոնք ավելի հաճախ հեշտ են տարվում, իսկ հետո ընթանում են մինչեւ կյանքի վերջը՝ անախտանշան ձեւով։ Դիաբետն, իր հերթին, առավել տարածված եւ լուրջ մետաբոլիկ հիվանդություններից է։

Նոր հետազոտությունում ուսումնասիրվել են Գերմանիայի 1 967 բնակչի առողջության մասին տվյալները։ Մասնակիցները հանգամանալից բուժզննման են ենթարկվել հետազոտության սկզբում եւ ավելի ուշ՝ մոտ յոթ տարի հետո։

Նախադիաբետի տարածվածությունը կազմել է 27,5 տոկոս հետազոտության սկզբում եւ 36,2 տոկոս՝ հաջորդ դիտարկման ժամանակ, այն դեպքում, երբ հետազոտության սկզբում դիաբետ ուներ մասնակիցների 8,5, իսկ հաջորդ դիտարկման ժամանակ՝ 14,6 տոկոսը։ Սկզբնական շրջանում գլյուկոզայի հանդեպ նորմալ «հանդուրժողություն» ունեցող 1 257 կամավորականներից 364-ի մոտ առաջ է եկել նախադիաբետ, 17-ի մոտ՝ դիաբետ։ Հեղինակները պարզել են, որ տարիքը, մարմնի զանգվածի ինդեքսը, ծխելը եւ կրթությունը կապված են եղել ինչպես նախադիաբետի, այնպես էլ դիաբետի առաջացման անհատական ռիսկի հետ։

Հերպեսի հետազոտված յոթ վիրուսներից 2-րդ տեսակի պարզ հերպեսի վիրուսը (ՊՀՎ2) եւ ցիտոմեգալովիրուսը կապված են եղել նախադիաբետի առաջացման մեծ ռիսկի հետ՝ սկզբնական փուլում գլյուկոզայի հանդեպ նորմալ «հանդուրժողություն» ունեցող մարդկանց շրջանում։ ՊՀՎ2 ունեցող անձանց մոտ նախադիաբետի առաջացման հավանականությունը 59 տոկոսով ավելի էր, քան այդ վիրուսի հանդեպ հակամարմիններ չունեցող մարդկանց մոտ։ Իսկ ցիտոմեգալովիրուսի առկայությունը 33 տոկոսով կապված էր նախադիաբետով հիվանդացության ավելացման հետ։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ