Գլխավոր էջ Նորություններ Աղիքային վարակիչ հիվանդությունները տարվա տաք եղանակներին ակտիվանում են

Աղիքային վարակիչ հիվանդությունները տարվա տաք եղանակներին ակտիվանում են

442
0

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են․

 

«Աղիքային վարակիչ հիվանդությունները տարվա տաք եղանակներին ակտիվանում են։

👉 Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք եղանակներին, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար:

 

👉 Ինչպես հայտնի է, աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղակոնտակտային ճանապարհով:

 

Սննդամթերքը բարենպաստ պայմաններում վարակիչ հիվանդությունների հարուցիչների համար հանդիսանում է սննդային միջավայր՝ նպաստելով դրանց աճմանը և բազմացմանը: Ամռանը լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումների առաջացման պատճառ:

 

👉 Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են երեխաները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է:

 

👉 Հատկանշական է, որ 2021 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդությունների մի շարք բռնկումներ, որոնք հիմնականում պայամանավորված են սննդային գործոնով, այդ թվում` դեպքեր են արձանագրվել հանրային սննդի և մանկական նախադպրոցական կազմակերպություններում:

 

⚠️ Աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է.

 

✅ լվացե՛ք ձեռքերն ուտելուց առաջ և զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես,

✅ մրգերը և բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրով՝ առնվազն 2-3 րոպե,

✅ սննդամթերքը պահե՛ք փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու համար,

✅ շուտ փչացող սննդամթերքը պահե՛ք սառնարանում,

✅ խուսափե՛ք գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում, հատկապես փողոցներում,

բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն,

✅ մի՛ օգտագործեք կասկածելի ջուր (համը և հոտը փոխված, պղտորված, լողացող կամ կախված մասնիկների առկայությամբ), եթե ձեր բնակության վայրում գրանցվել են ջրամատակարարման անջատումներ կամ վթարներ, ապա ջուրն օգտագործե՛ք միայն եռացնելուց հետո կամ խմե՛ք շշալցված ջուր,

✅ ծորակի ջուրն օգտագործե՛ք միայն 10-15 րոպե հոսելուց հետո,

✅ մի՛ լողացեք լողալու համար չնախատեսված ջրավազաններում՝ ջրամբարներ, ոռոգման ջրատարներ, դեկորատիվ ջրավազաններ, քանի որ դրանք կարող են պարունակել աղիքային վարակների հարուցիչներ,

✅ աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմե՛ք բժշկի»։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ