Գլխավոր էջ Նորություններ Մի քանի կարևոր փաստ աուտիզմի մասին

Մի քանի կարևոր փաստ աուտիզմի մասին

349
0

Աուտիզմը կամ աուտիզմի սպեկտրի խանգարումները (ԱՍԽ) նյարդային զարգացման խանգարումների խումբ են ներառում, որոնք հաղորդակցման եւ սոցիալական հմտությունների թուլացման են հանգեցնում: Որպես կանոն, աուտիզմը սկսվում է մինչեւ երեք տարեկան հասակում եւ ձգվում է ամբողջ կյանքի ընթացքում, սակայն վաղ միջամտությունը կարեւոր դեր է խաղում բուժման եւ պռոգրեսի հարցում, գրում է CNN-ը:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալների համաձայն՝ ԱՍԽ-ն տղաների մոտ չորս անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան աղջիկների մոտ:

Աուտիզմի սպեկտրի խանգարումները տեղի են ունենում բոլոր ռասաների ներկայացուցիչների, էթնիկական եւ սոցիալ-տնտեսական խմբերի շրջանում:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ում 44 երեխայից մեկն աուտիզմ ունի:

Աուտիզմն ախտորոշող վերջնական բժշկական թեստ չկա: Դրա փոխարեն խանգարումն ախտորոշվում է երեխայի զարգացմանը հետեւելով:

 

Աուտիզմի նշանները կարող են ներառել սոցիալական հաղորդակցության եւ փոխազդեցության թերությունները տարբեր համատեքստերում, խոսակցություններ վարելու դժվարությունը եւ հասակակիցների հետ ընկերական հարաբերությունների հաստատման հարցում հետաքրքրության բացակայությունը:

Բանավեճերն այն մասին՝ արդյո՞ք պատվաստանյութերն աուտիզմի սպեկտրի խանգարումներ են առաջացնում, սկսվել են 1998 թվականին, երբ The Lancet բժշկական ամսագիրը հրապարակեց հետազոտող Էնդրյու Ուեյքֆիլդի կողմից այժմ հետ կանչված հետազոտությունը, որը MMR պատվաստանյութը կապում էր աուտիզմի հետ:

Ուեյքֆիլդի համահեղինակներից շատերը հետ կանչեցին իրենց անունները հետազոտությունից, երբ իմացան, որ նա փոխհատուցում է ստացել իրավաբանական ընկերությունից, որը մտադիր էր դատի տալ պատվաստանյութ արտադրողներին: Ուեյքֆիլդը կորցրեց իր բժշկական արտոնագիրը 2010 թվականին։ 2011 թվականին ամսագիրն ինքը հետ կանչեց հետազոտության արդյունքներն այն բանից հետո, երբ հետաքննությունը պարզեց, որ Ուեյքֆիլդը փոխել կամ խեղաթյուրել է 12 երեխաների մասին տեղեկությունները, որոնց վրա էլ հիմնված էին հետազոտության եզրակացությունները:

Այս տարի JAMA Pediatrics ամսագրում հրապարակված վերլուծության համաձայն՝ աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող մարդիկ ավելի քան երկու անգամ ավելի շատ են ենթարկված բնական կամ անբնական պատճառներից վաղաժամ մահվան ռիսկին:

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ