Գլխավոր էջ Գլխավոր Հորմոնալ փոփոխությունները դաշտանային ցիկլի ընթացքում․ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հորմոնալ փոփոխությունները դաշտանային ցիկլի ընթացքում․ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

1169
0

Ի՞նչ է դաշտանային ցիկլը, ինչո՞ւ է այն տեղի ունենում, ինչպե՞ս է դաշտանային ցիկլն ազդում կնոջ առողջության, տրամադրության, ինքնազգացողության վրա և ի՞նչ հորմանալ փոփոխություններ են տեղի ունենում կանանց օրգանիզմում։ Այս հարցերին պատասխանել է էնդոկրինոլոգ Իրինա Մուրադյանը։

-Ի՞նչ է դաշտանային ցիկլը։
-Սեռահասուն տարիքից սկսած մինչև դաշտանադադարի պահը կնոջ օրգանիզմում տեղի են ունենում մի շարք փոփոխություններ, որպեսզի օրգանիզմը պատրաստ լինի հնարավոր հղիությանը, որն իր հերթին սթրեսային է և մեծ ծանրաբեռնվածություն անգամ ամենաառողջ օրգանիզմի համար։ Յուրաքանչյուր դաշտանային ցիկլի արդյունքում ձվաբջիջ է հասունանում և ազատվում ձվարանից։ Այդ ընթացքում նաև արգանդի լորձաթաղանթն է հաստանում, որպեսզի նպաստավոր պայմաններ ստեղծի ապագա հնարավոր պտղի զարգացման համար։ Երբ հղիություն չի լինում այդ հաստացած լորձաթաղանթը մնացած շրջակա հյուսվածքների ու վնասված անոթների հետ առաջացնում է արյունային արտադրություն, որը հենց դաշտանն է։
-Ո՞րն է նորմալ դաշտանը և որքա՞ն է տևում։
-Նորմալ դաշտանային ցիկլը սովորաբար տևում է 21-35 օր, իսկ դաշտանը տևում է 2-7 օր։ Սակայն այս ցուցանիշից շեղումները միշտ չէ որ խոսում են որևէ հիվանդության մասին։
-Ինչի՞ց է կախված դաշտանային ցիկլի տևողությունը։
— Այս բոլոր փոփոխությունները ձվարաններում և արգանդում ենթարկվում են խիստ հորմոնալ կարգավորման։ Մանրամասն կքննարկենք ձվարաններում տեղի ունեցած պրոցեսները։ Առանձնացնում ենք ֆոլիկուլային և լյուտեինային փուլերը, որոնց միջև ձվազատումն է (օվուլյացիան)։ Տարբեր կանանց մոտ դաշտանային ցիկլի տևողությունը կարող է տարբեր լինել։ Ինչպես օրգանիզմի այլ պրոցեսների մեծամասնությունը այս դեպքում ևս կարգավորումը սկսում է ուղեղում, ավելին՝ կոնկրետ հիպոթալամուսում և հիպոֆիզում։ Վերջինս արտադրում է դաշտանային ցիկլի երկու կարևոր հորմոնները՝ ֆոլիկուլոխթանող և լյուտեինիզացնող հորմոնը։ Առաջին հորմոնի դերն է ֆոլիկուլների զարգացումը, հասունացումը, երկրորդինը ձվազատումն է։ Ֆոլիկուլներում զարգանում է ձվաբջիջը։ Հետաքրքիր է, որ կանանց մոտ այդ նախնական ֆոլիկուլների թիվը (որն ի դեպ, ամեն ձվարանում տատանվում է միջինում 200 հազարի սահմաններում) նախատեսված է ամբողջ կյանքի համար, ի տարբերություն արական սեռական բջիջների, որոք կարող են արտադրվել մինչև մի քանի միլիոն մեկ օրվա մեջ։ Իսկ լյուտենիզացնող հորմոնը նպաստում է որպեսզի այդ ֆոլիկուլից ձվաբջիջն ազատվի ու շարունակի իր ճանապարհը դեպի արգանդ՝ հետագա պտղի զարգացման մտադրությամբ։
-Ինչպե՞ս է կինն իրեն զգում ցիկլի ընթացքում և ո՞ր հորմոններն են «կառավարում» նրա տրամադրությունը։
— Ուղեղում արտադրվող այս երկու հորմոններն ազդում են ձվարաններում առաջացող էստրոգենի և պրոգեստերոնի առաջացման վրա։ Այսպիսով, դաշտանային ցիկլի առաջին օրերին էստրոգենը և պրոգեստերոնը ցածր մակարդակի վրա են, սա կարող է առաջացնել այն ախտանշանները, որոնցից գանգատվում են կանայք առնվազն ամիսը մեկ անգամ։ Դրանք են՝ գլխացավը, որովայնի, մեջքի շրջանի ցավերը, տրամադրության անկումը, դյուրագրգիռ լինելը, որովայնի փքվածությունը։ Այս շրջանում ավելի լավ է շատ չծանրաբեռնեք ձեզ, խուսափեք ֆիզիկական ինտենսիվ ակտիվությունից, նախընտրեք քայլելը, յոգան։ Այնուհետև մոտենալով ձվազատման փուլին, էստրոգենը սկսում է կտրուկ աճել։ Կինն իրեն ավելի լավ է զգում, մաշկը փայլում է, տրամադրությունը բարձրանում։ Սրա հետ մեկտեղ բարձրանում է նաև արական հորմոնների մակարդակը, ինչը կնոջը դարձնում է ավելի վճռական ու գործունյա ։ Եվ ահա հենց օվուլյայից առաջ էստրոգենի պիկն է, որը ստիպում է զգալ ամենագեղեցիկն ու ամենակարողը, շփվող և կենսախինդ։ Սա հենց այն ժամանակն է, երբ հղիության հավանականությունը մեծ է։ Սակայն անմիջապես ձվազատումից հետո կտրուկ հորմոնալ փոփոխությունները կարող են բացասաբար անդրադառնալ տրամադրության և աշխատողունակության վրա։ Այս ժամանակ էստրոգենը կտրուկ նվազում է, պրոգեստերոնը՝ բարձրանում։ Այս ընթացքում մաշկը կարող է դառնալ ավելի ճարպոտ, ի հայտ գան անհարթություններ։
-Կա՞ վտանգ, որ այս վերջին փուլում հնարավոր է հավելյալ քաշ հավաքել։
-Իրականում այո, քանի որ այս ընթացքում նաև տեղի են ունենում որոշակի նյութափոխանակության փոփոխություններ, ինչպիսին է ինսուլինային ռեզիստենտականությունը, ինչը բացատրվում է այդ օրերին ածխաջրերով հարուստ սննդի՝ քաղցրեղենի, հացամթերքի հանդեպ հակվածությամբ։ Այս շրջանում հատկապես ուշադիր եղեք ձեր սննդակարգին։
-Հղիություն չլինելու դեպքում ի՞նչ է լինում։
-Էստրոգենն ու պրոգեստերոնը նորից նվազում են և ամեն ինչ սկսվում է նորից։ Առողջ վերարտադրողական համակարգ ունենալու համար պետք է առողջ մարմին ունենալ։ Փորձեք մաքսիմալ առողջ սնվել՝ քչացնելով շաքարը, աղը, կոֆեինը, վնասակար սնունդը և մի վարեք նստակյաց կյանք։
Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ