Գլխավոր էջ Գլխավոր Ծխելու արգելքը ներկա ու ապագա սերունդներին պաշտպանելու համա՞ր է

Ծխելու արգելքը ներկա ու ապագա սերունդներին պաշտպանելու համա՞ր է

424
0

Մարտի 15-ից ուժի մեջ է մտել հանրային սննդի վայրերում ծխելու արգելքը: Խոսքը նաև բացօթյա օբյեկտների մասին է (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ և այլն):

ԱԺ –ի ընդունած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020-ի մարտի 21-ից:

Ծխող քաղաքացու համար տուգանքի չափը կազմում է 50 000 դրամ, իսկ սննդի կետերի տնօրինության համար՝ 150-200 000 դրամ: Կան քաղաքացիներ ովքեր սույն որոշումը սխալ են համարում, նշելով, թե այս սահմանափակումը ոչ մի կերպ չի նպաստելու ծխողների թվի կրճատմանը, ավելին, ծխողը շարունակելու է ծխել։

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը անդրադառնալով  ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցմանն ու կանխարգելմանը, ինչպես նաև առողջ սնուցմանն ուղղված առողջապահության նախարարության քաղաքականությանը, նշել է, թե Առողջապահության նախարարության քաղաքականությունը միտված է առողջ ապրելակերպի քարոզմանը և միջոցառումները ներկա և ապագա սերունդներին պաշտպանելու համար են։

Ծխողներից շատերը պնդում են, որ ծխախոտի գովազդը արգելելով իրենք չեն դադարելու ծխել, ավելին, «արգելված պտուղը քաղցր է», իսկ ահա ՀՀ ԱՆ ներկայացուցիչների գնահատականներով՝ օրենքի դրույթները կյանքի կոչելը խիստ կարևոր և արդիական է, քանի որ, ըստ հետազոտությունների, ծխախոտի ցուցադրության արգելքը նվազեցնում է գովազդի ազդեցությունը դեռահասների վրա մինչև 83%-ով։

Հիշեցնենք, որ Medmedia.am-ի հետ զրույցում «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանն անդրադառնալով այս խնդրին նշել էր, թե սույն օրենքը առաջին հերթին դեմ է ծխողներին ու տնտեսվարողներին․

«Առաջին հերթին, սա օրենք չէ, ծխելու դեմ, այլ օրենք՝ ծխողների դեմ, որովհետև այն տեսքով, որով օրենքն ընդունվել է, ոչ միայն սպառողների իրավունքների, այլ նաև տնտեսական մրցակցության սկզբունքների կոպտագույն խախտում է։ Այլ կերպ նկարագրել չեմ կարող։ Սա մի օրենք է, որը տնտեսվարողին, անկախ իր կամքից, օրենքի առաջ օրենք խախտողի կարգավիճակում է դնում»,-նշել էր նա ու հավելել,թե ստացվել է այնպես, որ իրենք ուղիղ պատասխանատուներն են դարձել այս օրենքի ադմինիստրատիվ կիրառման համար, այլ կերպ ասած, ռեստորանների ներսում իրենց ստիպում են դառնալ ոստիկաններ։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ