Գլխավոր էջ Գլխավոր ՊՇՌ-ն «գնաց», QR-ը մնաց․ սահմանափակումները լիովին կհանվե՞ն

ՊՇՌ-ն «գնաց», QR-ը մնաց․ սահմանափակումները լիովին կհանվե՞ն

489
0

Հայաստանում, մայիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք չի գրանցվել, մահացել է 1 քաղաքացի։ Թվում է՝ գնում ենք մեղմացման, բայց կան որոշ պահանջներ, որոնք կմանան անփոփոխ։ Առողջապահության նախարարությունը, չնայած կորոնաթվերի նվազմանը, շարունակում է հորդորել մարդկանց պատվաստվել և չկորցնել զգոնությունը։

Պատվաստումային գործընթացը շարունակվում է: Մայիսի 1-ի դրությամբ կատարվել է 2 176 391 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 128 329, երկրորդ դեղաչափ`  996 530,բուստեր` 48 020: Չնայած այս ամենին մարդկանց ստիպելու, պարտադրելու քաղաքականությունը կարծես կորցնում է ուժը կամ նահանջում է, քանի որ քովիդը թուլանում է աշխարհի շատ երկրների մասշտաբով։ Աշխարհում տիրող իրավիճակը բարեբախտաբար չվրիպեց նախարար Ավանեսյանի տեսադաշտից, նա ի վերջո տեղի տվեց ու հայտարարեց, թե որոշ պահանջներ կհանվեն։

«Աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվել է: Մայիսի 1-ից հանվեց  նաև պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղադրված անցման կետերում մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստի և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը»,-ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նաև նշել է, որ նախատեսված փոփոխությունը պայմանավորված է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային կայուն իրավիճակով և դեպքերի նվազմամբ:

«Վերջին 14 օրվա ընթացքում գրանցվել է 144 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 32 տոկոսով նվազել է: Վերջին ամսվա ընթացքում մահվան դեպքերը ևս նվազել են»,-ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին իրենց կատարած աշխատանքի համար:

Նշենք  նաև, որ հանվել է քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում սահմանափակումները արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ: Տվյալ դեպքերում նույնպես այլևս թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջ չի գործի, վերացվել է նաև դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը:

Ի դեպ՝ QR կոդերի պահանջի կանոնակարգը ռեստորաններում, ժամանցի վայրերում, աշխատավայրերում առաջիկայում դեռ մնալու է ուժի մեջ։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ