Գլխավոր էջ Նորություններ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի գլխավոր հաշվապահի կողմից յուրացում կատարելու գործի նախաքննությունն ավարտվել...

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի գլխավոր հաշվապահի կողմից յուրացում կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է

244
0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու, ինչպես նաև նույն ընկերության տնօրենների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դեպքերի հանգամանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահը, օգտվելով այն հանգամանքից, որ նշված ընկերության տնօրեններն իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել իրենց պարտականությունները, 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2020 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում օգտագործելով ՀՀ-ում գործող բանկերից մեկի կողմից նրանց տրամադրված էլեկտրոնային բանալին՝ 105 գործարքներով ընկերության հաշվեհամարից որպես առ հաշիվ գումար ելքագրել է 348.502.000 դրամ, որից որպես առ հաշիվ տրված գումարի ետ վերադարձ մուտքագրել է 242.200.000  դրամ, իսկ գումարի տարբերություն կազմող՝ առանձնապես խոշոր չափերով 106.302.000 ՀՀ դրամ գումարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կանխիկացրել և օգտագործել է իր անձնական կարիքների համար։Նախաքննության ընթացքում ընկերության գլխավոր հաշվապահն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179֊րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ընկերության տնօրեններից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերության մյուս տնօրենը 2021թ. սեպտեմբերին հատել է ՀՀ պետական սահմանը և չի վերադարձել: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2֊րդ մասով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ընկերության գլխավոր հաշվապահի և տնօրեններից մեկի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ