Գլխավոր էջ Գլխավոր «Մահացած» նորածնի հետքերով․ Վերաքննիչը մերժեց, հաջորդը Եվրոդատարա՞ն

«Մահացած» նորածնի հետքերով․ Վերաքննիչը մերժեց, հաջորդը Եվրոդատարա՞ն

812
0

Հայկուհի Խաչատրյանը, սույն թվականի մարտի 23-ին Medmedia.am-ի խմբագրություն էր զանգահարել և ասել, որ վաղ առավոտից իր բնակարանում քննիչները խուզարկություն են իրականացնում, ավելին, փորձում են իրենից փորձանմուշ վերցնել, որպեսզի ԴՆԹ նույնականացում իրականացվի։ Ըստ նրա՝ խուզարկությունը անօրինական է և ոչ ոք իրավունք չունի իր բնակարան ներխուժելու, առավել ևս խուզարկելու, այն էլ երեխաների ներկայությամբ։Հայկուհի Խաչատրյանը կարծում է, որ ԴՆԹ նույնականացումը կեղծվելու է, ապացուցելու են, որ իր երեխան մահացել է, այնինչ, նա պնդում է՝ երեխան ողջ է։

Դեպքից հետո Հայկուհին պարզում է, որ հղի է, բայց ավաղ, օրեր անց, ծանր ապրումների հետևանքով նա կորցնում է երեխային։

Նշենք, որ Հայկուհի Խաչատրյանը դեպքից հետո դիմել էր Վերաքննիչ դատարան, սակայն բողոքը մերժվել էր։

«Իմ տանը խուզարկություն են արել, առգրավել են ինձ ու անչափահաս երեխաներիս պատկանող իրեր, որով ցանկանում են ստանալ անձնական ու բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ, առգրավել են զուգագուլպա, որը շատ լավ որակի էր, նախատեսված վարիկոզի համար, որը ես պարբերաբար կրել եմ։ Դատարանին շատ հետաքրքիր էր, թե իրականում ինչ է տեղի ունեցել, բայց մեր բողոքը մերժեց, ասելով, թե պետք չէ «տորմուզ» տալ, թող գործը բացահայտեն, բայց դատարանը շատ մանրամասների չկարողացավ տիրապետել, որ հենց այս որոշումով են իրենք գործին տորմուզ տալիս, քանի որ համապատասխան փորձաքննությունները չեն կատարվելու, եթե կատարվեին պատշաճ կերպով, ես ինքնակամ կհանձնեի նմուշները, բայց ես չեմ կարող նմուշ հանձնել իմ ընկերքի հետ, որը համարում են իմ երեխայի օրգան և ապացուցեն, թե  իմ երեխան մահացած է։ Իմ նպատակն է, որ հասնեմ փորձաքննությունների պատասխաններին , արձանագրվեր իմ երեխայի ողջության հարցը, ես երբևէ կտրական չեմ հրաժարվել նմուշ հանձնելուց։ Հոգեկան ցավ ու տառապանք ստանալու հեևանքով կրկին տուժեցի, կորցնելով դեռ չծնված երեխայիս։ Ասեմ, որ պատրաստվում ենք բողոքել Վճռաբեկ դատարան և միևնույն ժամանակ միջնորդություն կանենք մեր ցանկալի փորձաքննությունները անցկացնելու համար, ինչպես նաև հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնելու Նաիրիի փոխոստիկանապետի արարքի հետ կապված, որովհետև հենց նրա բռնության արդյունքում, քաշքշուկից հետո ինձ հետ ողբերգություն տեղի ունեցավ։Ես չեմ հանձնվելու։ Դիմելու եմ Վճռաբեկ, եթե մերժվի իմ բողոքը, մտնելու եմ Եվրոդատարան, թույլ չեմ տալու, որ իմ երեխային խլեն ու էսպես վարվեն ինձ հետ»,-մեզ հետ զրույցում նշել է Հայկուհի Խաչատրյանը, ումից, օրեր առաջ, ինչպես նա է նշում, բռնի ուժով ԴՆԹ նմուշներ են վերցրել։

Medmedia.am-ը նաև զուցել էր Հայկուհի Խաչատրյանի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյան հետ, վերջինս նշել է, թե դատարանում բողոքարկել էին Խաչատրյանի բնակարանում կատարված խուզարկության իրավաչափությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խուզարկության նպատակը եղել է որոշակի առարկաներ վերցնելը․

«Բայց իրականում նպատակը եղել է նմուշներ ստանալը, որը կարգավորվում է այլ կանոններով, խուզարկությունը՝ այլ։ Այսինքն՝ դատավորը, ով թույլ է տվել խուզարկություն կատարելը և այն քննիչը, ով խուզարկություն է կատարել, թույլ են տվել քրեական դատավարության օրենքի կոպիտ խախտումներ։ Նրանք հանցագործության գործիքներ հայտնաբերելու քողի տակ գնացել են նմուշներ են վերցրել»,-նշել էր Խաչատրյանի ներկայացուցիչը ու հավելել, որ այս ամենը ոչ օրինաչափ է։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ