Գլխավոր էջ Նորություններ Զինվորի տանը բացվեց բժիշկ–ազատամարտիկ Նորայր Շահբազյանի անվան ախտորոշիչ լաբորատորիա

Զինվորի տանը բացվեց բժիշկ–ազատամարտիկ Նորայր Շահբազյանի անվան ախտորոշիչ լաբորատորիա

222
0

Զինվորի տուն վերականգնողական կենտրոնում բացվեց Արցախյան 3 պատերազմների մասնակից, 44-օրյա պատերազմում զոհված, բժիշկ–ազատամարտիկ Նորայր Շահբազյանի անվան լաբորատորիա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  լաբորատորիայում տեղադրված հատուկ սարքավորումը` բիոքիմիական անալիազատորը, հնարավորություն ունի միաժամանակ շատ մեծ հոսքով հետազոտություններ անել, որի արդյունքում արյան անալիզներ հանձնող տղաներն այլևս ստիպված չեն լինի հերթերում երկար սպասել:Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ Զինվորի տանը բուժում ստացող տղաներից 6000–ն արդեն ապաքինվել են, նրանցից 800-ը կրթություն է ստացել, իսկ 150-ն աշխատում է։

«Այժմ բացում ենք հերթական ստորաբաժանումը, որտեղ լաբորատոր ծառայություններ են մատուցվելու։ Շնորհակալ եմ «Հայ օգնության միությանը» (ՀՕՄ), որն աջակցել է լաբորատորիայի ստեղծմանը։ Նրանք մշտապես մեր տղաների ու Զինվորի տան կողքին են։ Լաբորատորիան կրում է մեր բժիշկ Նորայր Շահբազյանի անունը։ Դոկտոր Նորիկն իր մասնագիտական ամբողջ ուղով ապացուցել է, որ մարտի դաշտում ոչ պակաս հայրենասեր է եղել։ Նշտարը ձեռքին նա եղել է զինվոր, իսկ հիվանդասենյակում` այդ նույն նշտարով եղել է մեծ բժիշկ»,– ասաց Մուրադյանը։

Նրա խոսքով` Նորայր Շահբազյանը զոհվել է, սակայն, մասնակցելով 3 պատերազմի, հասցրել է փրկել բազմաթիվ տղաների կյանքեր։

Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանն էլ շեշտեց, որ լաբորատոր ծառայությունը շատ կարևոր է տղաների համար, քանի որ ամիսներ շարունակ նրանք ստիպված են եղել հերթերում սպասել։ «Շատ դժվար է եղել մեր զինվորներին այս կենտրոնից տեղափոխել այլ բուժհաստատություններ` հետազոտություններ իրականացնելու նպատակով, քանի որ շատերը սայլակների վրա էին, մի մասն էլ անկողնային վիճակում էին։ Այս լաբորատորիան բացել ենք ՀՕՄ–ի և ONEArmenia աշխարհասփյուռ համայնքի աջակցությամբ։ ՀՕՄ–ի ջանքերով ձեռք ենք բերել ռենտգեն սարքավորում, իսկ ONEArmenia–ի շնորհիվ` ամբողջ շենքի թողունակության մեծացման շրջանակներում ձեռք կբերենք կահույքը։ Այս կազմակերպությունների համատեղ ջանքերով ձեռք են բերվել նաև այլ ախտորոշիչ սարքավորումներ»,– ասաց Մինասյանը։

Նա նշեց` լաբորատորիայի բացումը տղաների կյանքի բարելավման տեսանկյունից ևս 1 քայլ առաջ էր Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի համար։ Մինասյանը նաև ՀՕՄ–ին շնորհեց «Զինվորի տան բարեկամ» տիտղոսը։

ՀՕՄ–ի կենտրոնական վարչության ատենապետ Նաիրի Տերտերյանը շեշտեց` իրենց համար մեծ պատիվ է լինել հայ զինվորների կողքին, հպարտ են, որ լաբորատորիան կրում է դոկտոր Նորիկի անունը։ «Մենք նաև ցանկանում ենք հայտնել, որ ՀՕՄ–ը պատրաստվում է հոգալ Զինվորի տան մեկ տարվա ողջ սնունդը»,– ասաց Տերտերյանը։ ONEArmenia կազմակերպության տնօրեն Անահիտ Նազարյանն էլ շեշտեց, որ լաբորատորիայի բացումը մեծ ծրագրի մի բաղադրիչ է։ Նա հույս հայտնեց, որ շուտով կկարողանան բացել մասնաշենքն ու ավելի շատ զինվորների կկարողանան լիարժեք ծառայություններ մատուցել։

Նորայր Շահբազյանի կինը` Օֆելյա Գրիգորյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր ամուսինը ուսումն ու աշխատանքային առաջին փուլն ավարտելուց հետո մշտապես զինվորի կողքին է եղել։ «Դոկտորը երևի այն եզակիներից էր, ով մարտի դաշտում միայն հոսպիտալում չէր զինվորի կողքին, նա զինվորի կողքին էր նաև խրամատում, խոհանոցում։ Կարևոր խորհրդանիշ է հենց Զինվորի տանը իր անվան լաբորատորիա ունենալը և կարծում եմ, որ ճիշտ ախտորոշումը մնացած գործընթացի հիմքն է»,– նշեց նա։

Բժիշկ Նորայրն ու տիկին Օֆելյան 20 տարվա ամուսիններ են եղել ու ծանոթացել են մարտի դաշտում, որտեղ վերջինս եղել է և՛ լրագրող, և՛ գթության քույր։ Ամուսնացել են Արցախյան ազատամարտից հետո։ 44-օրյա պատերազմի ժամանակ Նորայր Շահբազյանը Շուշիի առանձին գումարտակի սպաների հետ է եղել, տեսել է Մատաղիսի անկումը, ապա եղել է նաև Թալիշում։

Լաբորատորիայի մուտքի մոտ կարմիր ժապավենը կտրեցին Զինվորի տանը բուժում ստացող, 44-օրյա պատերազմի մասնակից տղաները։ Նրանցից մեկը` Սերգեյ Համբարձումյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Զինվորի տուն է տեղափոխվել Միքայելյան վիրաբուժական հիվանդանոցից շատ ծանր վիճակում։ «Թոքերիս, սրտիս, գլխիս հատվածում վնասվածքներ եմ ունեցել։ Ներկա պահին գլխումս 1 բեկոր կա, ինչի պատճառով ժամանակավոր գամված եմ սայլակին։ Զինվորի տանը բուժման ընթացքում կրկին կարողացել եմ ինքնուրույն նստել, ձեռքս շարժել, այնուհետև ինքնուրույն սովորել եմ տեղափոխվել սայլակի վրա»,– ասաց Սերգեյը։ Նա շեշտեց` այժմ նպատակներ ունի, որոնք պատրաստվում է իրականացնել։ Փոքրուց բիզնես ոլորտում է տեսել իրեն և միշտ նկատել է իր մոտ հակումը դեպի այդ բնագավառ։ Այժմ էլ կրթական տարբեր ծրագրերի է մասնակցում` անգլերենի, վոկալի, դաշնամուրի։ Սերգեյը մոտ 9 ամսվա զինվոր է եղել ու ծառայել է Ջրականում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ