Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ է թաքցնում հակածխախոտային օրենքը կամ բարի գալուստ մարիխուանա

Ի՞նչ է թաքցնում հակածխախոտային օրենքը կամ բարի գալուստ մարիխուանա

862
0

Մարտի 15-ից ուժի մեջ է մտել հանրային սննդի վայրերում ծխելու արգելքը: Խոսքը նաև բացօթյա օբյեկտների մասին է (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ և այլն):

ԱԺ –ի ընդունած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020-ի մարտի 21-ից:

Ծխող քաղաքացու համար տուգանքի չափը կազմում է 50 000 դրամ, իսկ սննդի կետերի տնօրինության համար՝ 150-200 000 դրամ:

Հասարակության մի մասը ընդվզումով է ընդունում սույն որոշումը, նշելով, թե ծխողը շարունակելու է ծխել,անկախ նրանից, թե որքան կտուգանվեն։ Իսկ հարցի մյուս կողմում է այն, թե ինչպես է իրականացվելու վերահսկողությունը։

Medmedia.am-ի հետ զրույցում «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանն անդրադառնալով այս խնդրին նշել էր, թե սույն օրենքը առաջին հերթին դեմ է ծխողներին ու տնտեսվարողներին․

«Առաջին հերթին, սա օրենք չէ, ծխելու դեմ, այլ օրենք՝ ծխողների դեմ, որովհետև այն տեսքով, որով օրենքն ընդունվել է, ոչ միայն սպառողների իրավունքների, այլ նաև տնտեսական մրցակցության սկզբունքների կոպտագույն խախտում է։ Այլ կերպ նկարագրել չեմ կարող։ Սա մի օրենք է, որը տնտեսվարողին, անկախ իր կամքից, օրենքի առաջ օրենք խախտողի կարգավիճակում է դնում»,-նշել էր նա ու հավելել,թե ստացվել է այնպես, որ իրենք ուղիղ պատասխանատուներն են դարձել այս օրենքի ադմինիստրատիվ կիրառման համար, այլ կերպ ասած, ռեստորանների ներսում իրենց ստիպում են դառնալ ոստիկաններ։

Իսկ ահա ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի գնահատականներով հասարակությունը դրական է ընդունել հակածխախոտային օրենքը և օրենքի դրույթները պահպանվում են նախատեսվածից ավելի լավ։ Վերջինիս հավաստմամբ՝ թեև որոշ դեպքերում արձանագրվել են խախտումներ, բայց ընդհանուր առմամբ, հակածխախոտային օրենքն ամբողջությամբ գործում է, և տարբեր մարմինների կողմից իրականացվում է պատշաճ վերահսկողություն։

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենն անդրադարձել է նաև ծխախոտային ապրանքատեսակների բաց վաճառքի և գովազդի արգելքի արդյունքներին` նշելով, որ այդ հարցում նույնպես օրենքի դրույթները պահպանվում են, թեև գրանցվել են առանձին դեպքեր, երբ որոշ տնտեսվարողներ տուգանվել են խախտումների համար։

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ նպատակ է իրականում հետապնդում այս օրենքը, Աշոտ Բարսեղյանը նշել էր, թե հետևելով ամերիկյան օրինակին և փորձելով կրկնօրինակելով այն, հավանաբար, այստեղ էլ հակածխախոտային այս օրենքը կյանքի կոչելով, մեր իրականության մեջ ուզում են մտցնել մարիխուանայի օգտագործման ազատությունը։

«Սա իմ ենթադրությունն է, որովհետև այլ առավել իրական պատճառ կամ նպատակ՝ այսօրինակ օրենքի ընդունման հիմքում, ես, ուղղակի, չեմ տեսնում։ Եթե խուլիգանական արարքներ են, կռիվ է, մենք կանչում ենք ոստիկանություն, բայց աղամանի և սիգարետի համար ոչ ոք չի պատրաստվում ոստիկանություն զանգել: Սա ինքնանպատակի վերածված պայքար է, երևի գրանտ են ստանում: Գիտենք, որ ԱՀԿ-ն տարատեսակ բաների համար գրանտ է տալիս, և մի խումբ մարդիկ կան, որ այս ամենն անում են՝ փոխնախարար Լենա Նանուշյանի գլխավորությամբ, Արսեն Թորոսյանի քավորությամբ: Առողջապահության ազգային ինստիտուտը, փոխնախարարը, մի քանի ՀԿ-ներ տնտեսական սխալ հաշվարկներ են անում, այս խումբը երևի գրանտ է ստանում»:»,-ասել էր նա։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ