Գլխավոր էջ Գլխավոր «ԻՆՉՈՒ՞ ԱՅՍՊԵՍ ԵՂԱՎ»․ Փաշինյանի մեղայականը․․․

«ԻՆՉՈՒ՞ ԱՅՍՊԵՍ ԵՂԱՎ»․ Փաշինյանի մեղայականը․․․

654
0

Պատերազմից անցել է մեկ տարուց ավելի, բայց հետևանքները հաղթահարել դեռևս չի հաջողվում։  Ամենադաժան գործընթացը թերևս մարմինների ու մասունքների նույնականացման գործընթացն է։ Կան ծնողներ, ովքեր մինչև այսօր չեն ցանկանում հավատալ ու համակերպվել իրականության հետ։ Կան նույնականացված մասունքներ, որոնք չեն հուղարկավորվում, քանի որ ծնողը չի ընդունում, որ մասունքը պատկանում է իր որդուն։

«Հայաստանում կան արցախյան 44–օրյա պատերազմի զոհերի նույնականացված մասունքներ, որոնք դեռ հուղարկավորված չեն»,-այս մասին, փետրվարի 17-ին,լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Այս մասին խոսելիս միանգամից հիշում ենք մարմինների ու մասունքների նկատմամբ անփույթ վերաբերմունքը Աբովյանի դիահերձարանում։ Տեսարանը մեծ աղմուկ էր բարձրացրել, զայրույթն ու արցունքները զսպել հնարավոր չէր, երբ տեսնում ես ինչպես են պատերազմում հերոսաբար նահատակված տղաների մարմիններն ու մասունքները գետնին գցված։ Աղմուկից հետո միայն իրավիճակը շտկվեց, կառուցվեցին համապատասխան սառնարաններ։ Բայց մինչ այսօր կան մասունքներ, որոնք հողին չեն հանձնվել։

«Ցավոք, ունենք նման դեպքեր, երբ նույնականացումն ավարտվել է, անգամ մի քանի անգամ կրկնակի հետազոտությունների արդյունքներից հետո ծնողները, հարազատներն իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու և հուղարկավորելու»,-ասել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Այսօր, ապրիլի 13-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, թե 2021 թվականի վերաբերյալ մեր բոլորի զգացողություններում բացասկանը գերակշռում է, այնուհետև ներկայացրել է պատերազմի զոհերի թիվը։

«44-օրյա պատերազմի զոհերի թիվը, այսօրվա դրությամբ, 3825 է. նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել է ու նույնականացվել և հուղարկավորվել է 2021 թվականին»,-ասել է Փաշինյանը և նշել․

«Գերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են 2021 թվականի հիմնական սիմվոլը ու այդպես էլ մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը. ինչու այսպես եղավ: Այս հարցի պատասխանը ինքս պիտի տամ ու հիմա պատրաստվում եմ դա անել»,-ասել է վարչապետը և հավելել, թե ի սկզբանե ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը թե՛ պատերազմի և թե՛պարտության համար։

Իսկ ի՞նչ կլինի չհուղարկավորված մարմինների ու մասունքերի հետ․

Նշենք, որ նույնականացված այն մասունքները, որոնք չեն ընդունվել հարազատների կողմից, պահվում են պետության կողմից։ Պատկան կառույցների կողմից աշխատանք է տարվում զոհվածների ծնողների հետ։ Կան ծնողներ, ովքեր մասունքները երրորդ-չորրորդ անգամ են նույնականացման ուղարկում։

Medmedia.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը նշել էր, որ մասունքների կամ մարմինների համար քրգործ է հարուցված և տեղեկատվությունը Քննչականը պետք է  տրամադրի։

«Առողջապահության նախարարությունը չպետք է որոշի մասունքների հուղարկավորություն կատարե՞լ, թե՞ ոչ։ Պետությունը պետք է որոշի։ Նման հարց չի քննարկվում։ Մարմիններն ու մասունքները պահվում են դիահերձարաններում։ Պահման պայմանները ապահովված են, դիահերձարանները նորոգվել ու վերակառուցվել են։Պահպանվում են միջազգայնորեն հաստատված պահման բոլոր կանոնները»,-նշել էր նա։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ