Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ է սպասվում կրեդիտներ չհավաքած բուժաշխատողներին

Ի՞նչ է սպասվում կրեդիտներ չհավաքած բուժաշխատողներին

679
0

Դեռևս 2016թ-ից էր որոշում կայացվել, որ բժշկից մինչև դեղագործ, բուժքույր ու բուժակ՝ պարտադիր հավաստագրում կանցնեն։ Փոփոխությունների համաձայն՝բժիշկներն ու միջին բուժաշխատողներն ամբողջ մասնագիտական գործունեության ընթացքում պետք է անընդհատ զարգանան՝ ետ չմնալով արդի բժշկագիտական ոլորտի զարգացումներից։

Պահանջի մոտավոր պատկերը հետևյալն էր․ բուժաշխատողները ցանկալի կրեդիտները պետք է ստանան` մասնակցելով գիտաժողովների, վարպետության դասերի, զբաղվելով բժշկագիտական գործունեությամբ` հրատարակելով հոդվածներ, հաճախելով գրադարաններ:

Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ)կրեդիտները պայմանական բալեր են, որոնք տրվելու են բուժաշխատողներին այս կամ այն միջոցառմանը մասնակցելու համար: Մեկ կրեդիտը հավասար է մեկ ժամ գիտակրթական ակտիվության, եթե մասնակցել ես չորսժամանոց սեմինարի, դու ստանում ես չորս կրեդիտ։

Պահանջը իրականացնելու տևական դադարից հետո, բուժաշխատողները կրկին  կանգնած են սույն որոշումն իրականացնելու առաջ։

ՀՀ ԱՆ ԱԱԻ Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանի հավաստմամաբ՝ այս օրենքով անցում կատարվեց վերապատրաստումների համակարգից դեպի կրեդիտային համակարգ:

Այսինքն՝ կրեդիտներ հավաքելու և հավաստագրվելու համար բուժաշխատողները կմասնակցեն դասընթացների, սեմինարների, կհրատարակեն գիտաշխատություններ: Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիրը 5 տարի ժամկետով բժշկական գործունեությունը շարունակելու թույլտվություն է:

Նշենք, որ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար  բուժաշխատողները պետք է կուտակեն օրենքով սահմանված կրեդիտների նվազագույն քանակ: Քանակը տարբեր է՝ կախված, թե բուժաշխատողը որ կատեգորիաներին է պատկանում:

Որքա՞ն կրեդիտ է հարկավոր։

․Ավագ բուժաշխատողների համար յուրաքանչյուր շրջափուլին անհրաժեշտ է 220 կրեդիտ,

․դեղագետներին՝ 160 կրեդիտ,

․միջին բուժաշխատողներին՝ 140 կրեդիտ,

․դեղագործներին՝ 100:

Առաջին շրջափուլն ընդգրկելու է 2016-ից մինչև 2023-ի հունվարի 1-ը՝ 7 տարի:

2016թ-ից մինչ այսօր 5-ամյա ժամկետի շեղում է եղել, որը բացատրվում է քովիդով ու պատերազմով։

Ի դեպ՝ կրեդիտների 3 տեսակ կա՝ գործնական, տեսական և ինքնազարգացման: Տեսականն ու գործնականը կարելի է կուտակել գիտաժողովներով, սեմինարներով կամ վարպետաց դասերով, իսկ երրորդ խումբը ինքնակրթության, ինքնազարգացման կրեդիտներն են, որոնք տրվում են էլեկտրոնային ուսուցողական նյութերի շրջանակում և գիտական աշխատանքների ու աշխատությունների հրատարակման համար:

Նշենք, որ հավաստագրման գործընթացի առաջին շրջափուլը կավարտվի 2023 թ. հունվարի 1-ին, բուժաշխատողները, որոնք չեն ունենա հավաստագիր, նրանց հետ աշխատանքային հարաբերությունները կդադարեցվեն:

Նշենք, որ խիստ վերահսկողության տակ են ընկնում նաև այն անձինք, ովքեր պատշաճ բժշկական կրթություն չունեն, բայց զբաղվում են նման գործունեությամբ։

Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնը հրապարակում էր արել այն մասին, որ բժշկական պատշաճ կրթություն չունեցող և սահմանված կարգով բժշկական գործունեության չթույլատրված անձի կողմից որպես արհեստ բժշկությամբ զբաղվելու դեպքում նախատեսված է 200․000 ՀՀ դրամ տուգանք։ Իսկ թե ովքեր են համարվում «արհեստով» զբաղվողներ՝ անհայտ է, սահմանում չկա։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ