Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ է պատմում 19-ամյա Լիլիթը «Գոլդեն Փելիս»-ից

Ի՞նչ է պատմում 19-ամյա Լիլիթը «Գոլդեն Փելիս»-ից

3001
0

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը կանխելու և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով Առողջապահության նախարարությունն իրականացնում է վարակվածների շրջանակները հայտնաբերելու և մեկուսացնելու անհրաժեշտ գործողություններ։

Ինչպես արդեն  հայտնի է, Հայաստանում Նոր կորոնավիրուսի վարակի տարածվածության մասշտաբները կտրուկ սկսեցին մեծանալ  Էջմիածնի հայտնի դեպքից հետո, իսկ մի քանի օր անց՝  կարի արտադրամասի։

Այս պահին Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում  մեկուսացվածների թվում է նաև 19-ամյա Լիլիթը, ով աշխատում է  նույն արտադրամասում։

MedMedia-ն կապ հաստատեց նրա հետ՝ հասկանալու, թե ինչպես է իրականացվում հսկողությունը մեկուսացվածների շրջանում, արդյոք ապահովված են անհրաժեշտ պարագաներով և ինչ միջոցառումներ են իրականացվում։

Ինչպես մեզ հայտնեց Լիլիթը՝ նրան մեկուսացրել են 2 օր առաջ՝ մարտի 18-ին, քանի որ արտադրամասում անմիջական շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված անձանց հետ։

Լիլիթը պատմեց, որ երբ իրեն դեռ չէին մեկուսացրել, Առողջապահության նախարարությունից, մարզային ոստիկանությունից զանգում  և անընդհատ  ճշտում էին՝ ջերմություն ունի թե ոչ։

Նույն հսկողությունը և ուշադրությունը նաև «Գոլդեն Փելիս»-ում է․

«Ամեն առավոտ գալիս են, ջերմաչափում են իրականացնում, ապահովում են և՛ սնունդով, և՛ անհրաժեշտ առաջնային պարագաներով։ Այստեղ հիմնական գործառույթ իրականացնողները բժիշկներն են և իրենք են անընդհատ հետևում  մեկուսացվածներին»,-ասաց նա։

Հիշեցնեն որ, դեռևս մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտնել էր, որ նշված կարի արտադրամասը Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է։ «Իտալացի ինստրուկտորը ժամանել է Հայաստան և, ջերմիջեցնող դեղեր խմելով, թաքցրել իրավիճակը, հետո հեռացել Հայաստանից»,-նշել է վարչապետը։

Հավանաբար վարակի տարածման շղթան սկսվել է հենց այս կետից, որի արդյունքում մինչ օրս շարունակվում են մեկուսացման գործընթացները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ