Գլխավոր էջ Նորություններ «Կինդեր» շոկոլադի արգելք, թունավորման տասնյակ դեպքեր․ ի՞նչ պատկեր է Հայաստանում

«Կինդեր» շոկոլադի արգելք, թունավորման տասնյակ դեպքեր․ ի՞նչ պատկեր է Հայաստանում

617
0

Բելգիայում «Kinder» շոկոլադի գործարանը փակվել է այն բանից հետո, երբ սալմոնելայի տասնյակ դեպքեր գրանցվեցին։ Բելգիայի սննդամթերքի անվտանգության մարմինը նաև հրամայել է հետ կանչել Kinder-ի բոլոր ապրանքները, որոնք արտադրվել են Արլոնի գործարանում, որը պատկանում է Ferrero-ին: Այս մասին հայտնում է BBC.com-ը։ Ըստ նույն աղբյուրի փոխանցմամբ՝ սալմոնելայի կասկածելի դեպքեր՝ կապված Kinder շոկոլադի հետ, գրանցվել են այլ երկրներում ևս, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում։

Իսկ ի՞նչ ունենք Հայաստանում։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երեկ հրապարակում արեց այս մասին՝ հայտնելով, որ ՀՀ-ում ժամանակավորապես կարգելվի «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծումը․
«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ուսումնասիրելով տեղեկատվությունն այն մասին, որ Եվրոպական մի շարք երկրներում արձանագրվել են շոկոլադի, մասնավորապես՝ «Կինդեր» շոկոլադե ձվերի, օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքեր՝ վերահսկողական միջոցառումներ է սկսել «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։

Նշված ապրանքանիշը ներկրող երկու կազմակերպություններում՝ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ում (ներկրում է Ռուսաստանից) և «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում (ներկրում է Գերմանիայից) իրականացվում է պետական վերահսկողություն՝ ստուգում, որի շրջանակներում ընկերություններում առկա խմբաքանակներից կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության: Տրվել է նաև Գերմանիայից ներկրվող «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելանքի հրաման»։

ՀՀ ՍԱՏՄ-ն նաև տեղեկացնում է, որ լաբորատոր փորձարկումների արդյունքները կհրապարակվեն։

«Սլավ գրուպ» ՓԲԸ- ն ևս հայտարարություն տարածեց այս մասով՝ հարկ համարելով տեղեկացնել, որ շոկալադի՝ Հայաստան ներմուծված խմբաքանակում սալմոնելայով վարակվելու որևէ դեպք այս պահի դրությամբ, չի արձանագրվել և վարակն արձանագրվել է եվրոպական մի քանի երկրում։

«Կինդեր շոկոլադի այն տեսակները, որոնք ներմուծվում են ՀՀ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ի կողմից, բոլորն անվնաս են, անվտանգ են՝ բացառությամբ մեկ տեսակի, որի վաճառքը և տարածումը ՀՀ շուկայում արդեն իսկ կասեցված է։ Հայտնում ենք, որ գտնվում ենք մշտական կապի մեջ ինչպես Սննդամթերքի անվտանգության պաշտպանության ծառայության, այնպես էլ շոկալադն արտադրող մեր գործընկերների հետ։ «Սլավ գրուպ» ՓԲԸ- ն վերահաստատում է, որ ազգաբնակչության սննդային անվտանգությունը մեզ համար գերագույն արժեք է, ուստի ընկերությունը ևս շահագրգիռ է փորձաքննության իրականացման հարցում։ Այս պահին Հայաստանում իրականացվում է շոկալադե արտադրանքների նմուշների փորձաքննություն, որի արդյունքի մասին կհայտնենք առաջիկայում»,- նշված է հայտարարության մեջ։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ