Գլխավոր էջ Գլխավոր Շուրջ 2 մլն պատվաստում, իսկ քանի՞ տոկոսն է կեղծված

Շուրջ 2 մլն պատվաստում, իսկ քանի՞ տոկոսն է կեղծված

492
0

Պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Բացի ՀՀ քաղաքացիներից, մեր երկրում պատվաստվում են նաև օտարերկրացիները։ Ի դեպ՝ նրանք Հայաստանում անվճար են պատվաստվում, որն ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի  մեծ խթան է տնտեսության զարգացման համար:

Այսօր արդեն մեր երկրում իրականացվել է 2․ 142․ 685 պատվաստում, որից՝ առաջին դեղաչափ 1․117 714, ամբողջապես պատվաստված 982 752, բուստեր դեղաչափ 39 199։

Չնայած այս թվերին, Հայաստանում եղել են պատվաստումների սերտիֆիկատների կեղծման դեպքեր և մինչ օրս էլ քիչ չեն խոսակցություններն այն մասին, որ մարդիկ դիմում են այլընտրանքային ճանապարհների, ձեռք են բերում սերտիֆիկատներ, սակայն, իրականում նրանք պատվաստված չեն, իսկ պատվաստանյութերը պարզապես ոչնչացվում են, թե ինչպե՞ս, անհայտ է։

Իրավապահ մարմինները մի քանի անգամ հայտարարել են տարբեր բժշկական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրված պատվաստման կեղծ հավաստագրերի վերաբերյալ ստացված հաղորդումների մասին։ Ըստ հաղորդումների՝  կեղծվում են նաև Հայաստան մուտք գործող օտարերկրացիների ՊՇՌ թեստերի բացասական պատասխանները։

Պատվաստման գործընթացի պատշաճ իրականացման համար վարչական լծակներ էր կարգադրել գործի դնել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը, կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ։ Ձերբակալեք, կալանավորեք։ Էդ բժիշկները, ովքեր որ օգտվում են առիթից չպատվաստելու մարդկանց և պատվաստանյութը փչացնելու համար,շատ խիստ միջոցներ ա պետք ձեռնարկել։ Գլխավոր դատախազին եմ դիմում, նաև՝ մեր քննչական մարմիններին»,- նշել էր նա։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է ամփոփել կորոնավիրուսային հիվանդության դեմ միջոցառումների խախտումների և դրանց դեմ իրականացված գործողությունների վիճակագրությունը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստման կեղծ հավաստագրերի տրամադրման առաջին դեպքը, որի մասին իրավապահները հայտնել են, գրանցվել է նախորդ տարվա օգոստոսին, երբ Երևանի թիվ 5 պոլիկլինիկայի վիրաբույժն իր ծանոթին կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափի ստացումը հաստատող փաստաթուղթ էր տվել՝ գումարի դիմաց։

Հաջորդ, աղմկահարույց հայտարարությունը տարածեց Ազգային անվտանգության ծառայությունը՝ հոկտեմբերին, երբ վեց քրեական գործ էր հարուցվել վեց բուժհաստատություններում գրանցված խախտումների կապակցությամբ։ Երեք անձ ձերբակալվել էր։

Այդուհանդերձ, քաղաքացիները շարունակում են գտնել համապատասխան բժշկի, ով չի վախենում և կարողանում է «սղացնել» պատվաստանյութերը ու տրամադրել սերտիֆիկատներ։ Իսկ թե ինչու՞ են մարդիկ նախընտրում ոտնահարել օրենքը, ռիսկի դիմել ու կեղծ սերտիֆիկատներ ստանալ, դա հարցի մյուս կողմն է։ Կարելի է ասել, որ դեռ մարդկանց համար պատվստանյութերը անհասկանալի ծագման են ու կա վախ հետագայի նկատմամբ։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ