Գլխավոր էջ Գլխավոր Կասկածի տակ դրված գազ, ջուր, բուժօգնություն․ ի՞նչ սպասել առաջիկայում

Կասկածի տակ դրված գազ, ջուր, բուժօգնություն․ ի՞նչ սպասել առաջիկայում

423
0

44-օրյա պատերզամից հետո Արցախում իրավիճակը լարված է, թե անվտանգային, թե հումանիտար առումով։ Մի կողմից մարդկանց սպառնում է թշնամին, մյուս կողմից էլ Արցախը հումանիտար աղետի առաջ է։ Ինչպ4ես հիշում ենք օրեր առաջ վնասվել էր Հայաստան-Արցախ գազատարը և մարդիկ զրկվել էին գազամատակարարումից, ցուրտ եղանակին մարդիկ չէին կարողանում տաքացնել ջուրը, բնակարանը և այս ամենում կար միտում, թշնամական միտում։ Թվում է՝ մարդիկ հարմարվել, կամ պետք է հարմարվեն ստեղծված իրավիճակին, հոգեբանորեն, իրենք իրենց համոզելով, որ թշնամին օր օրի կարող է առաջ գալ և իրենով անել սեփական հողերն ու տները, վտանգել իրենց ու երեխաների առօրյան։

Այդ օրերին Արցախի վթարային ծառայության հեռախոսը չէր լռում, վայրկյանում 13 զանգ էր գալիս, մարդիկ հետաքրքրվում էին, թե ե՞րբ է վերականգնվելու գազամատակարարումը։

Արցախի տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացնում էին՝ Հայաստան-Արցախ գազատարն էր վնասվել, իսկ ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս, որ վթարի վերացման աշխատանք սկսեն։

Հիշեցնենք՝ նախորդ տարեվերջին էլ Արցախի ջրմուղի աշխատակիցներից մեկը, վթարվերականգնման աշխատանք կատարելիս, գնդակահարվեց ադրբեջանցու կողմից։Մի՞թե այս վայրագությունները խորը հոգեբանական հետևանք չեն թողնելու, մի՞թե բնակչությունը պարտավոր է հարմարվելու և ամեն օրը վախի մեջ անցկացնել։

Նշենք, որ գազատարի վթարը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տեղանքում էր` Շուշիի մոտ: Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։ Գազի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել: Իսկ ահա մարտի 18-ին հայտարարվեց գազատարի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին, հաջորդ օրվանից գազամատակարարումը վերականգնվեց:

Արցախի իշխանություններն վստահեցնում էին, թե ունեն բավարար հիմքեր պնդելու, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում գազատարի վրա փական է տեղադրվել, կեսգիշերն անց պարզապես փակել են Արցախի 100 հազար բնակչին սպասարկող խողովակը։

Մինչ բանակցությունները շարունակվում էին, մեկը մյուսի հետևից հայտարարություններով հանդես եկան Արցախի ու Հայաստանի արտգործնախարարությունները։ Արցախի ԱԳՆ-ն տեղի ունեցածը հումանիտար ահաբեկչություն է անվանում, Հայաստանի ԱԳՆ-ն՝ «արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության աղաղակող քաղաքականություն»։ Սակայն զուտ այս հայտարարություններով արցախահայությանն օգնել չի լինի, վտանգված է նրանց ամեն օրը։

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի կողմից Գորիս-Որոտան ճանապարհահատվածում (Հայաստանն ու Իրանը կապող ճանապարհ) մաքսակետերի տեղադրումից հետո Սյունիքի մարզի մի քանի գյուղեր գրեթե կտրվել են հանրապետությունից: Խոսքը, մասնավորապես, Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերի մասին է։ Բնակիչները կանգնել են լուրջ խնդիրների առաջ․ մի կողմից՝ սննդամթերքի, մյուս կողմից էլ բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունները սպառնալիքի տակ են։

Խնդրին անդրադարձել էր նաև ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Ըստ ՄԻՊ-ի ունեցած տվյալների՝ էականորեն սահմանափակվել  է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան Բարձրավան գյուղերի, Կապան համայնքի Նոր Առաջաձոր գյուղի կապը ՀՀ մյուս բնակավայրերի հետ՝ ադրբեջանական զինված ծառայողների կողմից Գորիսից Կապան միջպետական ճանապարհը երկու հատվածներով անօրինական փակելու պատճառով:

«Ադրբեջանական զինված ծառայողների բացահայտ հանցավոր արարքների պատճառով լրջորեն սահմանափակվել է գյուղերի քաղաքացիական բնակչության (այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ) ազատ տեղաշարժը: Գյուղերում առաջացել են սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական ծառայությունների հասանելիության լրջագույն սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ»,-գրել էր Արման Թաթոյանը:

Այսօր էլ, ապրիլի 11-ին, Արման Թաթոյանը տեղադրել է GOOGLE EARTH-ի ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՔԱՐՏԵԶ և գրել, թե Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈւ-ի տեղակայումները անհնար են դարձրել մարդկանց բնականոն կյանքը։

«Նրանց այս ներկայությունն արդեն իսկ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է միջազգային պահանջներով: Անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը սահմանային բնակավայրերում, խաթարել են անվտանգությունը»,-գրել է նա։

Ինչպես Սյունիքում, այնպես էլ Գերղարքունիքի որոշ հատվածներում մարդկանց առօրյա կյանքը խաթարված է, ամեն րոպե սպառնալիքի տակ են և հումանիտար աղետի առաջ։

Ս․ Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ