Գլխավոր էջ Գլխավոր D վիտամին․ ի՞նչ է պետք իմանալ

D վիտամին․ ի՞նչ է պետք իմանալ

13732
0

D վիտամինի կարևորության մասին զրուցել ենք էնդոկրինոլոգ Թամարա Ջանվելյանի հետ։ Պարզել ենք, թե ինչո՞վ է կարևոր այդ վիտամինը մեր օրգանիզմի համար, ինչո՞ւ է առաջանում այդ վիտամինի դեֆիցիտ և ինչպե՞ս է հնարավոր այն լրացնել։

-Ի՞նչ է իրենից ներկայացնում D վիտամինը և ի՞նչ կարևոր գործառույթ է կատարում մեր օրգանիզմի համար։

— Ներկայումս շատ հաճախ ենք լսում D վիտամինի անբավարարության մասին, որն ամբողջ աշխարում մեծ տարածում ունեցող խնդիր է։ D վիտամինն իրենից ներկայացնում է ճարպալույծ վիտամին, որը թափանցում է մեր օրգանիզմ՝ քիչ քանակությամբ սննդի միջոցով և որոշ քանակն էլ սինթեզվում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով՝ մեր մաշկում։ Բայց D վիտամինի բոլոր այս տեսակները կենսաբանորեն ոչ ակտիվ են և ակտիվացում է տեղի ունենում մեր օրգանիզմում նյութափոխանակության ենթարկվելով լյարդում, հետո երիկամներում, որից հետո արդեն D վիտամինը դառնում է ակտիվ և կատարում է իր կարևոր գործառույթը։ D վիտամինի ամենառաջին կարևոր գործառույթը դա ոսկրային համակարգի վրա ազդեցությունն է։ Նպաստում է կալցիումի և ֆոսֆորի փոխանակությանը, նպաստելով աղիներում կալցիումի ներծծմանը, ապահովելով ոսկրերի ամրությունը՝ մեծահասակների մոտ կանխարգելելով օստեոպարոզի, իսկ երեխաների մոտ բոլորիս շատ հայտնի ռախիտ հիվանդությունը։ Բացի ոսկրայի դրսևորումներից D վիտամինը նաև ունի արտաոսկրային մեծ դրսևորումներ։ Գրեթե բոլոր օրգաններում հայտնաբերվել են ռեցեպտորներ D վիտամինի նկատմամբ։ Հետևաբար D վիտամինի անբավարարությունը պատճառ է հանդիսանում մի շարք ոսկրային, արտաոսկրային դրսևորումների՝ նպաստելով ինֆեկցիոն հիվանդությունների, աուտոիմուն հիվանդությունների զարգացմանը։ D վիտամինի անբավարարությունը նպաստում է նաև շաքարային դիաբետի 2-ի զարգացմանը, մետաբոլիկ համախտանիշի, սիրտ-անոթային մի շարք հիվանդությունների առաջացմանը, բարձրացնում է օնկոպաթոլոգիաների ռիսկը, ինչպես նաև վիտամին D-ի անբավարարությունը բերում է ապատիայի, տրամադրության փոփոխությունների, դեպրեսիաների, անքնության, լարվածության, խախտում է ռեպրոդուկտիվ համակարգի բնականան աշխատանքը, կոգնիտիվ ֆունկցիայի վրա ունի ազդեցություն, բերում է վաղաժամ ծերացման։

-Ինչպե՞ս է դրսևորվում D վիտամինի անբավարարությունը։

— D վիտամինի անբավարարությունը շատ հաճախ ոչ սպեցիֆիկ նշաններով դրսևորվում է ընդհանուր թուլությունով, մշտական հոգնածությունով, քնի ռեժիմի խանգարումներով, կարող է նպաստել քաշի ավելացմանը, դեպրեսիաների առաջացմանը, մկանային արտահայտված ցավերի։ Նմանատիպ սիմպտոմների դեպքում շատ կարևոր է ստուգել վիտամին D-ի մակարդակը, որպեսզի ըստ դրա գնահատվի վիտամին D-ի ստատուսը և կարգավորվի։

-Ինչպե՞ս կարգավորել D վիտամինի պակասը։

-D վիտամինի պակասը կարգավորելու համար շատ կարևոր է ունենալ վիտամին D-ի լաբորատոր քննություն, որից հետո նոր հասկանում ենք առկա է մեզ մոտ դիֆիցիտ, առկա է անբավարար աշխատանք, թե ունենք D վիտամինի օպտիմալ քանակ։ Ըստ արդեն ունեցած ցուցանիշների ընտրվում է վիտամին D-ի անհրաժեշտ քանակը։ Վիտամին D-ի անբավարարության և դիֆիցիտի ժամանակ օգտագործվում են վիտամին D-ի մեծ դեղաչափեր՝ 1000 և ավելի միավորներ կապված կոնկրետ պացիենտից, և դոզավորումը կատարվում է ըստ առկա լաբորատոր քննության։ Իսկ երբ ունենք օպտիմալ քանակ կամ երբ չունենք վիտամին D-ի անալիզ՝ կարելի է օգտագործել միայն պրոֆիլակտիկ դոզաներ՝ 500 մինչև 1500 միավոր, քանի որ վտանգավոր է ոչ միայն վիտամին D-ի անբավարարությունը, այլ նաև շատ կարևոր է չունենալ վիտաին D-ի գերդոզավորում, որովհետև գերդոզավորումը իր հերթին ունի մի շարք ռիսկեր։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ