Գլխավոր էջ Գլխավոր «Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք վիրուսի նոր տեսակների առաջացմանը»․ Դավիթ Մելիք-Նուբարյան

«Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք վիրուսի նոր տեսակների առաջացմանը»․ Դավիթ Մելիք-Նուբարյան

474
0

Medmedia.am-ի հարցերին է պատասխանում հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Քովիդի 19-ի ինչ պատկեր ունենք այս պահին, կա՞ նահանջ։

Դավիթ Մելիք Նուբարյան- Այս պահին, ճիշտ այնպես ինչպես մենք կանխատեսում էինք Քովիդ-19 համաճարակային իրավիճակը կայուն է, ավարտվել է 5-րդ ալիքը, որը նախորդ ալիքներից համեմատաբար թեթև ընթացք է ունեցել, թե՛ մահացության, թե՛ վիրուսային թոքաբորբերի տեսանկյունից։ Մեզ հետաքրքրող Եվրոպական տարածաշրջանում նույնպես իրավիճակը կարող եմ գնահատել կայուն, նախորդ շաբաթվա համեմատ հիվանդության դեպքերը նվազել են 15%, իսկ մահերը՝ 16%-ով։

Կարո՞ղ ենք ասել որ հրաժեշտ ենք տալիս Կորոնավիրուսին։

Դավիթ Մելիք-Նուբարյան- Կարծում եմ համավարակը գնում է դեպի մարում, սակայն հրաժեշտ տալու մասին դեռ վաղ է խոսել, մեծ է հավանականությունը, որ նոր կորոնավիրուսային հիվանդությունը կդառնա մարդկության մոտ շրջանառվող հերթական վարակը, ժամանակ առ ժամանակ առաջացնելով բռնկումներ։ Նաև մենք պետք է մշտապես պատրաստ լինենք վիրուսի նոր տեսակների առաջացմանը, քանի որ դա գործընթաց է, որի վրա մենք էական ազդեցություն չունենք։թ

Այս փուլում որքանո՞վ է կարևոր պատվաստման գործընթացը։

Դավիթ Մելիք Նուբարյան- Իմ կարծիքով պատվաստվելը մնում է և մնալու է արդիական, քանի որ հավանաբար վարակը կդառնա էնդեմիկ, այսինքն՝ կշարունակի շրջանառվել և հասկանալի է, որ խոցելի խմբերի համար այն կշարունակի վտանգավոր լինել, իսկ վտանգի հավանականությունը նվազեցնելու լավագույն գործիքը պատվաստվելն է։ Կարող ենք զուգահեռներ տանել սեզոնային գրիպի դեմ պատվաստման գործընթացի հետ, որը ամեն տարի ցուցված է ռիսկային համարվող խմբերի համար։

«Կգա՞ն»  նոր շտամներ։

Դավիթ Մելիք Նուբարյան- Ինչպես արդեն նշեցի շատ դժվար է կանխատեսել, թե ինչպես կպահի իրեն վիրուսը և բացառել նոր տեսակների կամ ավելի լայն իմաստով, անգամ մարդու համար վտանգավոր նոր վիրուսների առաջացումը հնարավոր չէ։ Կարևոր է շարունակել իրավիճակի մշտադիտարկումը, միջազգային համագործակցության շրջանակներում հետեւել աշխարհի այլ հատվածներում համաճարակաբանական վիճակին, փոխանակվել տեղեկատվությամբ, աշխատել մարդկանց հետ՝ զգոնությունը պահպանելու նպատակով, ինչպես նաև գնահատել համավարակի արձագանքի արդյունավետությունը և անել հետեւություններ։

 Ե՞րբ է հնարավոր լիովին հրաժեշտ տալ Քովիդին։

Դավիթ Մելիք Նուբարյան- Կարծում եմ մինչև տարեվերջ, եթե նոր վտանգավոր տեսակներ ի հայտ չգան, որպես համաշխարհային վտանգ ներկայացնող հիվանդություն այն այլևս չի դիտարկվի և կտեղափոխվի մեզ ծանոթ և շրջանառվող վիրուսների շարք։ Ամեն դեպքում էլի եմ ուզում ընդգծել, որ անգամ այս պարագայում հիվանդությունը շարունակելու է վտանգավոր լինել խոցելի խմբերի համար և իսպառ վերացման վրա հույս դնել խորհուրդ չեմ տա։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ