Գլխավոր էջ Գլխավոր Պետք է վերանան խոչընդոտները նրանց համար, ովքեր ցանկանում են աբորտ անել․ ԱՀԿ...

Պետք է վերանան խոչընդոտները նրանց համար, ովքեր ցանկանում են աբորտ անել․ ԱՀԿ նոր ուղեցույցը

704
0

Ամեն տարի աշխարհում կատարվում է մոտ 73 միլիոն աբորտ: Հղիության արհեստական ​​ընդհատման անվտանգ, մատչելի, ժամանակին և արժանապատիվ ծառայություններից օգտվելու բացակայությունը և հղիության արհեստական ​​ընդհատման հետ կապված խարանը վտանգներ են ներկայացնում բոլոր տարիքի կանանց ֆիզիկական և մտավոր բարեկեցության համար: Աբորտների մոտավորապես 45%-ն անվտանգ չէ։ Դրանցից 97%-ը անցկացվում է զարգացող երկրներում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թարմացրել է հղիության արհեստական ​​ընդհատման ծառայությունների անվտանգության վերաբերյալ առաջարկությունները, որոնցից ամեն տարի օգտվում է մոտ 25 միլիոն կին:ԱՀԿ ներկայացուցիչ Քրեյգ Լիսների խոսքով՝ անվտանգ աբորտը առողջապահական համակարգի կարևոր մասն է։ «Աբորտի հետևանքով առաջացած գրեթե յուրաքանչյուր մահ կամ բարդություն կանխարգելելի է։ Այդ պատճառով է, որ մենք խորհուրդ ենք տալիս կանանց և աղջիկներին անհրաժեշտության դեպքում օգտվել հղիության արհեստական ​​ընդհատման և ընտանիքի պլանավորման ծառայություններից»,-ասել է նա:

Նոր ուղեցույցը պարունակում է մինչև 50 առաջարկություններ, որոնք վերաբերում են այս խնդրի կլինիկական պրակտիկային, առողջապահական ծածկույթին, իրավական և այլ ասպեկտներին: ԱՀԿ փորձագետները նշում են, որ առաջարկված կանոններին հետևելու դեպքում աբորտը կարող է լինել «պարզ և չափազանց անվտանգ ընթացակարգ»:

Այսօր, սակայն, աշխարհում իրականացվող նման գործողությունների միայն կեսն է անվտանգ համարվել։ Հղիության արհեստական ​​ընդհատման արդյունքում տարեկան մահանում է 39000 կին, ևս միլիոնավորները հայտնվում են հիվանդանոցներում՝ բարդություններով։ Այս ողբերգությունների ճնշող մեծամասնությունը տեղի է ունենում ցածր եկամուտ ունեցող երկրներում՝ դրանց 60 տոկոսը Աֆրիկայում և մեկ երրորդը՝ Ասիայում: Այս դեպքում ամենից հաճախ տուժողները բնակչության առավել խոցելի շերտերի ներկայացուցիչներ են։

ԱՀԿ փորձագետները փորձել են մշակել կոնկրետ միջոցներ, որոնք կօգնեն փոխել այս իրավիճակը։ Օրինակ՝ աշխատանքի բաժանումը բժշկական մասնագետների միջև կամ աբորտի հաբերի և հարակից առողջապահական ծառայությունների մասին տեղեկատվության հասանելիությունը:

Առաջին անգամ այս ցանկը ներառում է հեռաառողջապահության լավագույն փորձի օրինակներ, որոնք օգուտ են բերել շատ կանանց COVID-19 համաճարակի ժամանակ:

Բացի այդ, նոր ուղեցույցի հեղինակները կոչ են արել վերացնել օրինական խոչընդոտները նրանց համար, ովքեր ցանկանում են աբորտ անել, ներառյալ՝ աբորտի քրեականացումը, պարտադիր սպասման ժամկետները կամ ընտանիքի անդամներից թույլտվություն ստանալու անհրաժեշտությունը: Նման խոչընդոտների պատճառով, ըստ ԱՀԿ-ի, կանայք ստիպված են հետաձգել ընթացակարգը, ինչը մեծացնում է ռիսկը:

Ներկայումս աբորտը դեռ ամբողջությամբ արգելված է աշխարհի 20 երկրներում։ Մինչդեռ, ըստ ԱՀԿ-ի, նման արգելքները չեն նվազեցնում աբորտների թիվը, այլ հանգեցնում են նրան, որ կանայք ստիպված են կասկածելի մեթոդներ կիրառել անցանկալի հղիությունը դադարեցնելու համար։ Նման երկրներում աբորտներից չորսից միայն մեկն է իրականացվում անվտանգ միջավայրում, իսկ որտեղ իրավական խոչընդոտներ չկան, տասը դեպքից ինը ընթացակարգը վտանգ չի ներկայացնում։

Ս․ Ասատրյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ