Գլխավոր էջ Գլխավոր 2 մլն դրամ պարգևատրում՝ բյուջեի հաշվին․ Ավանեսյանի «մեծահոգությունը»՝ օրենքի խախտու՞մ

2 մլն դրամ պարգևատրում՝ բյուջեի հաշվին․ Ավանեսյանի «մեծահոգությունը»՝ օրենքի խախտու՞մ

722
0

ԱԺ Առողջապահության և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն Ավանեսյանից հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ է նախարարությունը պարգևատրել 4 աշխատակցի այն դեպքում, երբ չի ունեցել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներ և այդպիսով չի պահպանել օրենքի պահանջը։

«Աշխատավարձի հաշվարկման տեղեկագրերի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի հաշվեքննությամբ արձանագրվել են մի շարք անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ, ինչո՞վ են պայմանավորված ավել աշխատավարձ վճարելու հետ կապված այս անհամապատասխանությունները։ Ընթացիք եզրակացությունում նշված է, որ Առողջապահության նախարարությունը չի պահպանել օրենքի պահանջը, չունենալով աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներ, 2020թ-ին փորձաշրջան անցնող աշխատակիցների աշխատանքները համակարգելու համար թվով 4 աշխատակցի շուրջ 2 մլն դրմով պարգևատրել է։ Նախարարությունը չունենալով տնտեսված միջոցներ չի կարողացել վճարել այդ գումարը, 2020թ-ի տարեկան հաշվետվությունով այն չի ձևակերպել կրեդիտորական պարտք։ Նշված գումարը վճարվել է 2021 թ-ի բյուջեի հաշվին»,-նշել է Արեգնազ Մանուկյանը, պահանջելով պարզաբանում։

Ի պատասխան հարցի,Անահիտ Ավանեսյանը նշել է, թե աշխատակիցները լիարժեք արժանի են եղել այդ պարգևավճարներին․

«Այո՛, մի շարք դեպքերում մեր աշխատակիցները ժամանակավոր պաշտոնակատարի դերում են հանդես եկել ու վճարվել են այդ պաշտոնի գործակիցներով։ 2020-2021թ-ը նախարարության համար գերծանրաբեռնված են եղել, բացի մեր ընթացիկ ծրագրերից, մեր փոքր աշխատակազմով իրականացրել ենք քովիդի դեմ պայքարի լայնածավալ ծրագրեր և իրականացրել ենք թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմական ողջ բժշկական օգնության տրամադրման գործառույթները։ 2020-2021թ-ին նախարարության անձնակազմը ստացել է պարգևատրումներ ու լիարժեք արժանի են եղել։ Ընդունում ենք, որ 2020թ-ի ընթացքում, եթե չենք ունեցել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոց, պետք է պարգևատրումից  զերծ մնայինք, բայց հաշվի առնելով ստեղծված իրադրությունը, այնուհանդերձ պարգևատրման ներկայացվել են»,-պարզաբանել է նախարարը։

Պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հակադարձելով նշել է՝ մարդիկ պրակտիկանտների, նոր ընդունվող աշխատակիցների աշխատանքն են համակարգել, և դրա համար դուք օրենքի խախտումով մարդկանց պարգևատրում ենք 2 մլն դրամ, ավելին՝ ասում եք՝ հա, օենքը խախտել ենք, բայց քանի որ այդ մարդիկ արժանի էին, վճարել ենք։

Այդուհանդերձ, նախարար Ավանեսյանն այդպես էլ պարզաբանում չի տվել, թե ինչու՞ է մի կողմից գնահատվում աշխատակիցը, մյուս կողմից էլ ոտնահարվում օրենքը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ