Գլխավոր էջ Գլխավոր Տոպրակ, ծխախոտ, աղ, ջերմաչափ․․․ի՞նչը կարգելվի առաջիկայում

Տոպրակ, ծխախոտ, աղ, ջերմաչափ․․․ի՞նչը կարգելվի առաջիկայում

2260
0

Հունվարի 1-ից Հայաստանում արգելվեց պոլիէթիլային տոպրակների վաճառքը, պահանջ դրվեց,  գնումներ կատարելիս պետք է կամ կտորից կամ թղթե տոպրակներ ունենալ։

Կենցաղում ամենաշատը կիրառվող մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքի արգելքի որոշումն ընդունելիս կառավարությունը առաջնորդվել է բնապահպանական խնդիրներով, որոնք առաջացնում է պոլիէթիլենի լայն կիրառումը։ Նպատակը շրջակա միջավայրի վրա երկարաժամկետ աղետաբեր վտանգների նվազեցումն է։

Պոլիէթիլենը երկար պահպանվող նյութ է. բնության մեջ շատ երկար է մնում, դրա վերջնական քայքայման համար հարյուրավոր տարիներ են պետք, իսկ այրվելու դեպքում այս նյութը մարդկանց առողջությունը վնասող գազեր է արտադրում։ Որոշումն ընդունվեց, բայց խանութներում շարունակվում է տոպրակների վաճառքը, ճիշտ է մի փոքր հաստ ու 40 դրամ։ Կարելի է ասել, որ ոչ թե արգելվել է վաճառքը, այլ այն դարձել է գումարով, պոլիէթիլենային տոպրակով են վաճառվում նաև որոշ տեսակի հացեր, կանաչեղենը և այլն։ Ստացվում է, որ խանութն է որոշում, բարակ պոլիէթիլենային տոպրակ տրամադրե՞լ հաճախորդին, թե՞ ոչ ու փաստացի մարդիկ դեռևս  չեն շտապում կտորե տոպրակներ ձեռք բերել, ընդհանուր առևտուր անելուց, կարելի է ասել այդ 40-50 դրամը էական ազդեցություն չի թողնում բյուջեի վրա, և աստիճանաբար թանկանում է ոչ միայն տոպրակը,այլև մի շարք ապրանքներ ու աննկատ կերպով հարվածի տակ է դրվում մարդկանց բյուջեն։

Տոպրակների վաճառքի արգելից հետո կամ զուգահեռ արգելվեց նաև ծխախոտային տեսակների ցուցադրությունը։Հունվարի 1-ից Հայաստանում օրենքով արգելվել է ծխախոտների կամ դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում։ Արգելվում է նաև ծխախոտային արտադրատեսակների դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների կամ դրանց ապրանքային նշանների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը: Իսկ մարտի 15-ից արգելվեց ծխելը հանրային սննդի բաց և փակ տարածքներում։ Հասարակության մի մասը ընդվզում է, նշելով, որ ծխողը միևնույնն է շարունակելու է ծխել և նման սահմանափակումները չեն նպաստելու ծխելու դեմ պայքարին։ Բայց այստեղ կա որոշումը իրականացնելու լուրջ խնդիր, արդյո՞ք պատկան մարմիննրի ներկայացուցիչները կկարողանան վերահսկողություն սահմանել բաց ու փակ տարածքներում․․․Արդյունքը կասկածելի է։

Մի արգելքը չշրջանցած ականատես ենք լինում հաջորդին։ Ազգային ժողովն ընդունել է Սնդիկի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Կառավարության ներկայացրած նախագիծը, որով որոշ բացառություններով կարգելվի սնդիկի արտահանումը և ներմուծումը։Արտահանման արգելքը կտարածվի մասնավորապես ոչ էլեկտրոնային հետևյալ չափիչ սարքավորումների վրա

– բարոմետրեր
– հիգրոմետրեր
– մանոմետրեր
– ջերմաչափեր
– սֆիգմոմանոմետրեր

Կոսմետիկ միջոցների վրա, որոնցում սնդիկի պարունակությունը 1 մաս/միլիոնից ավելի է, այդ թվում՝ մաշկը գունաբացող օճառներ և քսուքներ՝ բացառությամբ աչքի շրջանի այն կոսմետիկ միջոցների, որտեղ սնդիկն օգտագործվում է որպես կոնսերվանտ, և որի համար առկա չեն արդյունավետ և անվտանգ կոնսերվանտ-փոխարինիչներ և այլն։Սա նշանակում է, որ այս ապրանքատեսակների վաճառքը ՀՀ-ում կարգելվի։ Օրենքի փոփոխությունը չի տարածվում բացառապես լաբորատոր հետազոտությունների, սնդիկի կամ սնդիկի միացությունների բնական հետքային քանակների վրա, որոնք առկա են հանքաքարերում և այնպիսի արտադրանքներում, ինչպիսիք են ոչ սնդիկային մետաղները, հանքանյութերը, այդ թվում՝ ածուխը կամ այդ նյութերից առաջացող արտադրանքը և ոչ կանխամտածված հետքաքանակները քիմիական արտադրանքում:

Մնում է սպասել ու հասկանալ, թե արգելքների որոշումներ ընդունելուց հետո ինչպես են դրանք իրականցվում կամ ինչպես է աշխատում վերահսկողական մարմինը։

Դե իսկ վերջում չենք մոռանում աղի «վնասակարության» մասին և հիշում, որ  առողջապահության նախարարությունը նախագիծ է դրել քննարկման «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ըստ որի՝ հանրային սննդի օբյեկտներում արգելվում է աղամանի առկայությունը սեղանի վրա` առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ