Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում բազմատեղակայուն տուբերկուլյոզը ոչ ներարկային ճանապարհով բուժելու փորձեր են արվում

Հայաստանում բազմատեղակայուն տուբերկուլյոզը ոչ ներարկային ճանապարհով բուժելու փորձեր են արվում

3949
0

Հայաստանում բուժման նոր մեթոդ են փորձարկում, որը թույլ կտա բազմատեղակայուն տուբերկուլոզը բուժել ոչ ներարկային տարբերակով`դեղահաբերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին դեկտեմբերի 24-ին տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված գիտաժողովին ասաց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի վարակիչ հիվանդությունների ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը:

Նրա խոսքով` բազմատեղակայուն տուբերկուլոզը շարունակում է խնդիր մնալ Հայաստանում:  «2020 թվականից տուբերկուլոզով նոր դեպքերի 4-ից մեկը բազմատեղակայուն տուբերկուլոզի դեպք է, իսկ նախկինում 2 դեպքից մեկն էր»,-ասաց նա:

Ղուկասյանն ուրախությամբ փաստեց, սակայն, որ Հայաստանում տուբերկուլոզի ցուցանիշները  նվազման միտում ունեն: «Մինչև 2030 թվականը մեր բոլորի ջանքերով հնարավոր է հաղթահարել տուբերկուլոզը»,-հավելեց նա:

ՀՀ ԱՆ գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանն էլ նշեց, որ մինչև 2015 թվականը Հայաստանը պատկանել է աշխարհում դեղակայուն տուբերկուլոզի մեծ բեռ ունեցող 27 երկրների թվին:

«2015 թվականից հետո Հայաստանը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում տուբերկուլոզի առումով պրիորիտետային 18 երկրների թվում է»,-ասաց նա:

1993 թվականից ի վեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ մարտի 24-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր:

Տուբերկուլոզը քրոնիկական վարակիչ հիվանդություն է: Առաջին հերթին տուբերկուլոզի հարուցիչն ախտահարում է թոքերը: Տարբերում են հիվանդության բաց և փակ ձևերը: Ի տարբերություն հիվանդության փակ ձևի, բաց ձևի ժամանակ հիվանդի խորխում հայտնաբերվում են միկրոբակտերիաներ: Ըստ վիճակագրական տվյալների` այն երկրագնդում ամենատարածված հիվանդություններից է: Դեռևս մ.թ.ա 27-րդ դարում եգիպտական մումիաների կմախքներում հայտնաբերել են տուբերկուլոզային ախտահարումների դեպքեր:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ