Գլխավոր էջ Նորություններ Մարտի 24-ին նշվում է Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը, 

Մարտի 24-ին նշվում է Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը, 

2345
0

Ամեն տարի մարտի 24-ին նշվում է Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը նշանավորում է 1882 թվականին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխի կողմից տուբերկուլոզի հարուցչի հայտնաբերումը։ Նպատակը տուբերկուլոզի (ՏԲ) գլոբալ բեռի մասին տեղեկացվածության բարձրացումն է և հիվանդության կանխարգելման ու վերահսկման ուղղությամբ առկա իրավիճակի մասին զեկուցումը:

Այս տարի համաշխարհային օրը կրում է «Միավորե՛նք մեր ջանքերն ընդդեմ ՏԲ-ի, փրկե՛նք կյանքեր» խորագիրը, ինչը խոսում է ռեսուրսներ ներդնելու հրատապ անհրաժեշտության մասին՝ տուբերկուլոզի դեմ ակտիվ պայքարելու և հիվանդության վերացմանն ուղղված համաշխարհային առաջնորդների կողմից ստանձնած պարտավորություններն իրականացնելու համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն` ՏԲ-ն շարունակում է մնալ մահվան առաջատար պատճառը վարակիչ հիվանդությունների շարքում, չնայած, որ այն բուժելի և կանխելի է։ Աշխարհում տարեկան 10 միլիոն մարդ հիվանդանում է ՏԲ-ով, իսկ մոլորակի բնակչության ¼-ը վարակված է այդ հարուցչով։ Բարեբախտաբար, վարակվածների միայն 5-10%-ի մոտ է զարգանում ակտիվ ՏԲ հիվանդություն։

2021 թվականին Հայաստանում արձանագրվել է ակտիվ ՏԲ-ի 426 դեպք, որից 313-ը՝ թոքային, իսկ 113-ը՝ արտաթոքային։ Կարևոր է նշել, որ այսօր մեր երկրում հասանելի են ՏԲ-ի կանխարգելման, անվճար ախտորոշման և բուժման, ինչպես նաև պացիենտների մարդակենտրոն խնամքի համար անհրաժեշտ միջոցները։

Տուբերկուլոզի ժամանակին ախտորոշման համար մեծ նշանակություն ունի բնակչության իրազեկվածությունը հիվանդության հիմնական ախտանիշների վերաբերյալ` 3 շաբաթ և ավելի տևողությամբ հազ, խորխարտադրություն, թուլություն, ախորժակի կորուստ, քաշի անկում, գիշերային քրտնարտադրություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ