Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Սրտամկանի ինֆարկտ․ ինչպե՞ս զգուշանալ և ե՞րբ դիմել բժշկին

Սրտամկանի ինֆարկտ․ ինչպե՞ս զգուշանալ և ե՞րբ դիմել բժշկին

992
0

Ի՞նչ է սրտամկանի ինֆարկտը, ո՞ր նշանների դեպքում դիմել բժշկին և ինչպե՞ս խուսափել ամենատարածված հիվանդություններից մեկից պարզել ենք սրտաբան Աննա Սարգսյանից։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ սրտամկանի սուր ինֆարկտը և ընդհանրապես սրտի իշեմիկ հիվանդությունը նույնիսկ Covid 19-ի պայմաններում միևնույն է, մնում է աշխարհում մահացության առաջին պատճառներից մեկը։

«Սրտամկանի սուր ինֆարկտը սրտամկանի սուր վնասումն է, որի հիմնական պատճառը սիրտ-անոթային համակարգում անոթային ախտահարման արդյունք է, այսինքն՝ սրտամկանի անոթները ինչ-ինչ պատճառներով նեղանում են և փակվում։ Բնականաբար, այն կարող է լինել հիմնականում աթերոսկրելոզի արդյունք»,-նշել է սրտաբանը։

Նա անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս կանխարգելել և ինչպե՞ս իմանալ սրտամկանի ինֆարկտի նշանների մասին․«Առաջին հերթին դա կրծքավանդակի բութ կամ այրող ցավերն են, որոնք բավականին ինտենսիվ են և երկար են  տևում։ Այս նշաններն ահազանգ են, որ դուք շտապ դիմեք բժշկին։ Սրտամկանի ինֆարկտի մեկ այլ ախտանշաններից առիթմիաներն են և եթե Ձեզ մոտ սկսվել է սուր անկանոն սրտամկանի աշխատանք կամ սրտի աշխատանք, նշանակում է այնտեղ կա ինչ-որ ահազանգ և պետք է դիմել բժշկի»։

Սրտաբանի խոսքով՝ առաջնային կարևոր է ժառանգական նախատրամադրվածության գործոնը։

«Սրտամկանի հիվանդությունները, սրտամկանի ինֆարկտը բավականին երիտասարդացել են և պետք է սովորել վաղ շրջանում ուշադրություն դարձնել իրենց հիվանդությանը։ Եվ հնարավորինս պարտաճանաչ հետազոտվել բժշկի մոտ՝ կանխարգելելու համար»,-ասաց բժիշկը։

Սրտաբանը նշեց, որ տնային պայմաններում սրտամկանի ինֆարկտի բուժման ոչ մի առաջարկ իրենց կողմից չի կարող լինել։ Իսկ առաջին բուժօգնություն ցույց տալու համար պետք է հիվանդին անշարժացնել է և արագ շտապօգնությանը դիմել։

«Սրտամկանի սուր ինֆարկտից խուսափելու համար առաջին հերթին պետք է պարբերաբար դիմել բժշկին և հետազոտվել։ Եվ սա ամենափոքր ախտանշանների դեպքում, իսկ դա կարող է լինել՝ կրծքավանդակի ցավը՝ հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, սրտի շրջանի ցավը՝ զարկերակային ճնշման բարձրացման ժամանակ, տարբեր տիպի առիթմիաների դրսևորումը։ Վերընշվածներն ահազանգ են որպեսզի դիմեն բժշկին, հետազոտվեն և սրանով իսկ կանխարգելեն սրտամկանի ինֆարկտի առաջացումը»,-նշել է սրտաբանը։

Զրույցի ընթացքում բժիշկը նաև նշեց, որ, ցավոք սրտի, կա տենդենց, երբ բժիշկը նշանակում է բուժումները և հիվանդը մի փոքր իր վիճակի բարելավվում  տեսնելով՝ ինքնուրույն ընդհատում է դեղորայքի ընդունումը, որը խիստ վտանգավոր է․«Սա նույնպես վտանգավոր է, որովհետև սրտամկանի սուր ինֆարկտի կանխարգելումը պետք է մշտապես լինի բժշկի հսկողության տակ։ Եվ խնդրանք՝ ինքնուրույն մի ընդհատեք Ձեր դեղորայքային բուժումը, այլ դիմեք Ձեր բժշկին, ով կորոշի ինչ փոփոխություններ անել բուժման մեջ»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ