Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Շարունակելու ենք թե´ աղի կիրառման սահմանափակումը խթանելու ծրագրերը, թե´ ծխախոտի դեմ պայքարը․...

Շարունակելու ենք թե´ աղի կիրառման սահմանափակումը խթանելու ծրագրերը, թե´ ծխախոտի դեմ պայքարը․ նախարար

688
0

Այսօր՝ մարտի 14-ին, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Ազգային ժողովում պատասխանել է լրագրողների հարցերին։

Անդրադառնալով վերջին օրերին շրջանառվող «աղամանի» հարցին նա նշեց՝ շատ ուրախ է, որ նման լայն հանրային քննարկում է ստացվել․«Մեր նպատակը առողջ ապրելակերպի խթանումն է, առողջ սովորությունների սերմանումը։ Եվ որոշակի այսպիսի փոքր գործողություններով, որոնք որ հաստատված են մի շարք երկրներում՝ փորձարարական ձևով, այսպիսի քաղաքականության ընդունումը շատ լավ արդյունքներ է տվել։ Այո, մենք շարունակելու ենք տարբեր մեթոդներով մեր քաղաքացիներին իրազեկել»։

Նախարարի խոսքով՝ այս ընթացքում շատերն են զարմացել, որ նման խնդիր կա․«Այո,Հայաստանում օրական չափաբաժնի կրկնակին ենք մենք օգտագործում, ինչը հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրմանը»։

Ավանեսյանը հայտնեց, որ նախագիծը քննարկման փուլում է և առաջիկայում հանդիպումներ կունենան ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների, սպառողների շահերը պաշտպանողների, հանրային առողջության կազմակերպությունների հետ։ Եվ կփորձեն նախագիծը քննարկել, ավելի լավ լուծումներ գտնել, լրացնել, մշակել և այնուհետև ներկայացնել Կառավարությանը։

«Բայց այն, որ մենք միանշանակ շարունակելու ենք թե´աղի կիրառման սահմանափակումը խթանելու ծրագրերը, թե´ ծխախոտի դեմ պայքարը, դա հստակ է»,-ասել է նախարարը։

Նա նաև նշեց, որ իրենք ոչինչ չեն արգելում․«Մենք փորձում ենք բերել վարքաբանական փոփոխություններ։ Եվ այո, մարդը երբեմն չանդրադառնալով իր սովորություններին՝ չի էլ նկատում, որ օգտագործում է չափից շատ շաքար, չափից շատ աղ և այլն»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ