Գլխավոր էջ Գլխավոր ԿԾԻԿԸ ԲԱՑՎՈՒՄ Է․ «Անհետացած» երեխաների առեղծվածը դու՞րս է գալիս մշուշից

ԿԾԻԿԸ ԲԱՑՎՈՒՄ Է․ «Անհետացած» երեխաների առեղծվածը դու՞րս է գալիս մշուշից

1954
0

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանի շուրջ խոսակցությունները չեն դադարում։ Վերջերս նրա դեմ 8 տուժող է  ցուցմունք տվել: Մեղադրանքը նույնն է, ծննդաբերել են և ինչպես կանայք են պնդում, իրենց երեխաներին ապօրինի որդեգրման են տվել։

«Եղել են խոցելի սոցիալական խմբի կանայք, որոնք ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են իրենց երեխաներից։ Այս կանայք եկել են հիվանդանոց ու հիմնականում բժիշկներին դիմել են հղիությունն արհեստական ընդհատելու խնդրանքով։ Բժիշկները ձեռնպահ են մնացել, որովհետև պտուղները մեծ են եղել ու առաջարկել են, ծննդաբերել ժամկետին: Բժիշկները ձեռնարկել են բոլոր միջոցները վաղաժամ ծննդաբերությունը կանխելու համար, բայց նախաքննությունն այն կարծիքին է, որ իրենց մոտ արհեստական խթանվել է վաղաժամ ծննդաբերությունը: Վկաներ կան, որոնք ասում են՝ իրենք եկել են, ինչ-որ բժշկի դիմել են ու ինչ-որ դեղ են խմել, դրանից ենթադրում են, որ իրենց տարել են արհեստական ծննդաբերության»,-հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը:

Նա հավելել էր, որ 7 կին պնդում է, թե բժշկական միջամտությունը եղել է արհեստական կամ կեսարյան են արել առանց հիմքերի:

«Բայց մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերում այդ կանանց խնդիրների մի ամբողջ պատկեր կա, էպիկրիզներ, հիվանդության թղթեր: Այսինքն՝ վաղաժամ ծննդաբերությունը նրանց մոտ ոչ թե արհեստական միջամտության արդյունքում է առաջացել, այլ իրենց մոտ եղած հիվանդությունների հետեւանքով»,-հավելել էր Քոչարյանը։

«Հայոց մայրեր» հասարակական շարժման հիմնադիր Հայկուհի Խաչատրյանը բազմիցս պնդել է՝ Ռազմիկ Աբրահամյանից, մանկատան տնօրեններից բացի, շղթայում այլ մարդիկ կան, ովքեր օգնել են պարտակել այս հանցագործությունները, և այդ մարդիկ իրավապահ համակարգում են։

Հարցազրույցների ժամանակ նա մշտապես նշել է, որ այս շղթայում ներգրավված են շատ մարդիկ․

«Մեր մայրիկներից մեկի գործով մենք պարզեցինք, որ դատախազությունում աշխատում է Գրիգորի Պողոսյան անունով մեկը, որը հանդիսանում է Ռազմիկ Աբրահամյանի ընկերոջ որդին: Մենք դեպք գիտենք, որ անչափահասին ստիպելով՝ ստորագրել են տվել փաստաթուղթ և նրա երեխան վաճառել են: Ակնհայտ է, որ Գրիգորի Պողոսյանը աջակցել է նրանց այս հանցագործությունների հարցում»,-նշել էր նա։

Ո՞ր կողմն է իրավացի, ո՞ր կողմն է անմեղ, պետք է պարզի գործի քննությունը։ Մանկավաճառության գործի հետ կապված պատկերը հետևյալն է․ 100-ից ավելի կին պնդում է, թե Ռազմիկ Աբրահամյանը ներգրավված է իրենց երեխաների անհետացման(վաճառք, ապօրինի որդեգրում) առուվաճառքի մեջ, մեղադրվող կողմը պնդում է՝ իրենք անմեղ են և այդ կանայք ժամանակին դիմել են բժշկական հաստատություն հղիության արհեստական ընդհատման պահանջով։

Ի դեպ՝ երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Անուշ Գարսանցյանի, «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ու ևս 9 մեղադրյալների գործի նախաքննությունն ավարտվել է:
Թեպետ տվյալ գործի մի մասով նախաքննությունն ավարտվել է ու գործը դատարանում է, սակայն ՀՀ քննչական կոմիտեի եւ պետական այլ կառույցների համագործակցված աշխատանքի արդյունքում դեռևս ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ տվյալ հանցագործության ամբողջական շրջանակը բացահայտելու ուղղությամբ։

Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ կազմակերպված խմբի անդամները, չնայած ներկայացված փաստերին, չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Խմբի մի շարք անդամների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվել դատարան, սակայն դրանք մերժվել են, ինչի արդյունքում էլ ներկայումս բոլոր մեղադրյալները գտնվում են ազատության մեջ, և նրանց նկատմամբ ընտրված են այլ խափանման միջոցներ: Կազմակերպված խմբի ղեկավարին մեղադրանք է առաջադրված նաև առանձնապես խոշոր չափով փողերի լվացում կատարելու համար:

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ