Գլխավոր էջ Նորություններ 540 գրամ քաշով ծնված փոքրիկ Անդրեյը լիովին առողջ դուրս գրվեց հիվանդանոցից

540 գրամ քաշով ծնված փոքրիկ Անդրեյը լիովին առողջ դուրս գրվեց հիվանդանոցից

155
0

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մարտի 7-ին  տեղի ունեցավ Վանաձորում խորը անհասությամբ ծնված փոքրիկ Անդրեյի դուրսգրումը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  փոքրիկի դուրսգրմանը ներկա էր  առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ դեպքը եզակի է` ցածր քաշով և գեստացիոն վաղ ժամկետում երեխայի ապրելիության և հետագայում առողջական որևէ խնդիր չունենալու առումով:

«Ի ուրախություն մեզ բոլորիս մենք այսօր դուրս ենք գրում ցածր քաշով և ժամկետից բավականին շուտ ծնված բալիկին, որը տեղափոխվել է այստեղ Վանաձորից և այս ամբողջ ընթացքում գտնվել է բժիշկների խիստ վերահսկողության տակ: Մեր բժիշկների կողմից անցկացվել են բոլոր անհրաժեշտ միջամտությունները, և կարող ենք ասել, որ այսօր փոքրիկին առողջ վիճակում ճանապարհում ենք տուն»,-ասաց Ավանեսյանը:

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Գասպարյանը նշեց, որ երեխան հոկտեմբերի 21-ին Մուրացանի հիվանդանոցից տեղափոխվել է իրենց մոտ 540 գրամ քաշով և 23 շաբաթ 3 օր հղիության ժամկետով ծնված: «Երեխան ապրեց մեր հիվանդանոցում 137 օր, ճանապարհը շատ դժվար էր և՛ բժիշկների, և՛ երեխայի համար: Ասեմ, որ էքստրեմալ ցածր քաշով երեխաների մոտ բարդությունների տոկոսը նույնպես  բարձր է, բայց ի շնորհիվ մեր պրոֆեսիոնալ թիմի հաջողվեց խուսափել բոլոր բարդություններից»,-ասաց նա:

Հիվանդանոցի փոխտնօրենը նշեց, որ հիվանդանոց ընդունվելիս փոքրիկի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, ինչը բնորոշ է նման ցածր քաշ ունեցող երեխաներին: Նա գրեթե մեկ ամիս եղել է միացված թոքերի արհեստական շնչառության սարքին և ինքնուրույն չի կարողացել շնչել: Իսկ այսօր արդեն փոքրիկը դուրս է գրվում 3 կիլոգրամ 700 գրամ քաշով:

Երեխայիմայրիկը՝ Մարիա Չիչովան, ասաց, որ իրենք երկար էի սպասել այս երջանիկ օրվան, որ կարողանային իրենց առողջ  փոքրիկի հետ գնալ տուն: Նա նշեց, որ ի սկզբանե հավատում էր, որ ամեն ինչ շատ լավ է լինելու: Փոքրիկ Անդրեյը ընտանիքի 4-րդ բալիկն է:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ