Գլխավոր էջ Նորություններ Ազգային հավաքականներն անցել են արտակարգ մարզումային մեթոդների

Ազգային հավաքականներն անցել են արտակարգ մարզումային մեթոդների

397
0

Միջազգային օլիմպիական կոմիտեն մարտի 17-ին մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ տեսակոնֆերանսից հետո պաշտոնական հայտարարություն է տարածել, թե հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ժամկետները հետաձգելու անհրաժեշտություն չկա: Միջազգային մամուլը նշում է, որ աշխարհի առաջատար մարզիկների 57 %-ն արդեն վարկանիշ ձեռք է բերել: Մյուսների միջեւ օլիմպիական ուղեգրերի բաշխման կարգի մասին վերջնական որոշում դեռ չկա: Առայժմ մայրցամաքային եւ համաշխարհային օլիմպիական վարկանիշային մրցաշարերը կամ չեղարկվում են, կամ հետաձգվում են դրանց անցկացման ժամկետները: Այսպիսի խառնաշփոթի պարագայում օլիմպիական մարզաձեւերի ազգային հավաքականները եւ անհատ առաջատար մարզիկները լուրջ խնդիրների առաջ են հայտնվել. ինչպե՞ս պետք է կազմակերպվեն ուսումնամարզական հավաքները, պլանավորվեն մարզումային գրաֆիկներն այն հաշվարկով, որպեսզի օլիմպիական խաղերին մասնակցել հավակնող մարզիկները նախ՝ չկորցնեն արդեն ձեռքբերված մարզավիճակը, ապա անեն այնպես, որպեսզի վարկանիշային մրցման նոր ժամկետները հայտնի դառնալու դեպքում հասցնեն կրկին պատշաճ մարզավիճակ ձեռք բերել: Սա բավականին խնդրահարույց հարց է անխտիր բոլորի համար: Էլ չենք խոսում բուն օլիմպիական խաղերի մասին, որին նույնպես պետք է ներկայանալ լավագույն մարզավիճակով: Օլիմպիական մարզաձեւերի Հայաստանի ազգային հավաքականներն ինչպե՞ս են պատկերացնում այս խնդիրների լուծումները: Գլխավոր մարզիչներն ըմբռնումով են վերաբերվում երկրում կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված արտակարգ միջոցառումներին, քանի որ առաջնայինը ընդհանրապես քաղաքացիների եւ մասնավորապես մարզիկների առողջությունն է: Մարզիչները մեր զրույցում նշում են, որ իրենք էլ արտակարգ ծրագրեր են մշակել ու ներկայումս առաջնորդվում են դրանցով: Մասնավորապես, քանի որ արգելվում են մարդկային կուտակումները, իսկ ուսումնամարզական հավաքներում ընդգրկվում են որոշակի թվով մարզիկներ, եւ մարզաբազաներն էլ ժամանակավորապես չեն աշխատում, իրենք մարզումները կազմակերպում են հեռահար՝ առցանց եղանակով: Այսինքն, հավաքականի յուրաքանչյուր անդամի տալիս են անհատական հանձնարարություն, որպեսզի նրանք տանը ընդհանուր ֆիզիկական եւ ֆունկցիոնալ պատրաստականությունը բարձր պահեն եւ մարզվեն անհատապես՝ բացօթյա:

Մարզիչները հավաստիացնում են, որ վարկանիշային մրցաշարերի նոր ժամկետները սահմանվելու դեպքում կհասցնեն պատշաճ չափով բարձրացնել իրենց սաների մարզավիճակը, միայն թե միջազգային ֆեդերացիաները ժամանակին իրենց տեղեկացնեն նոր ժամկետների մասին:
Հոդվածը՝ Aravot.am -ի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ