Գլխավոր էջ Գլխավոր Covid 19-ը մեր կենսակերպի մի մասն է դառնալու՝ սեզոնային որոշակի ակտիվացումներով

Covid 19-ը մեր կենսակերպի մի մասն է դառնալու՝ սեզոնային որոշակի ակտիվացումներով

684
0

Երեկ՝ փետրվարի 17-ին, Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ Covid 19-ը մեր կենսակերպի մի մասն է դառնալու՝ սեզոնային որոշակի ակտիվացումներով։

«Կան մի շարք կանխատեսումներ, թե արդյոք Օմիկրոն շտամը վերջնական ակորդն է այս համավարակի, թե ոչ։ Մեր կարծիքով դեռ վաղ է հստակ որևէ բան նշել, բայց կարող ենք նշել, որ համավարակի փուլից դեպի էնդեմիկ հիվանդության փուլ կարծես նշմարվում է արդեն։ Սա նշանակում է, որ այո Քովիդը կմնա որպես այսպիսին, այն մեր կենսակերպի մի մասն է ցավոք սրտի դառնալու՝ սեզոնային որոշակի ակտիվացումներով։ Բայց այսպես հստակ կերպով ասել, որ վերջանում է համավարակը, դեռ կարծում եմ վաղ է»,-նշել է նախարարը։

Հետաքրքիր է, բայց նման կարծիք մասնագետները նախկինում հայտնել էին՝ մասնավորապես ասելով, որ Քովիդը կդառնա սեզոնային վիրուս։ Այս պարագայում հետաքրքիր է, որ պատվաստումային գործընթացը շարունակվում է։

Նախարարն անդրադարձավ նաև սահմանափակումների մեղմացման կամ վերացման հարցին նշելով․«Մեր բոլոր սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրում և միտված են այդ ընթացքում որոշակի խնդիր լուծելուն և որոշակի նպատակի հասնելուն և իհարկե ինքնանպատակ չեն»։  Նա նաև տեղեկացրեց, թե ինչով էին պայմանավորված հունվարից մեկնարկած սահմանափակումները՝ չբացառելով, որ դրանք կարող են մեղմանալ։ Իհարկե, նա չնշեց որևէ մանրամասնություն և չասաց թե կոնկրետ, որ սահմնափակումները կմեղմացվեն նաև ասաց, որ նախարարությունում այդ ուղղությամբ աշխատում են։

«Գիտեք հունվարին օմիկրոնի արագ, սրընթաց տարածման պարագայում, մեր կարծիքով, որոշակի զսպող մեխանիզմ հանդիսացավ այն և ինչ որ առումով նաև խթանեց պատվաստումները, բայց  մենք ականատես ենք, որ օմիկրոնի պարագայում, քանի որ շատ մեծ էր հիվանդացածների թիվը, իսկ մեր կարգավորումներվ և ցուցումներով, հիվանդանալուց հետո գոնե մեկ ամիս պետք է անցնի, որ քաղաքացին գնա պատվաստվելու։ Դրա համար մենք կանխազգում ենք, որ հաջորդ շաբաթվանից պատվաստումների տեմպը նոր կընկնի իր ճիշտ, բնականոն հունի մեջ»,-ասել է նախարարը։

Ըստ Ավանեսյանի՝ իրենք չենք ուսումնասիրում ամեն դեպքի պարագայում, թե որ շտամն է։ Անում են ընտրանքային ուսումնասիրություններ և շաբաթական ուսումնասիրության արդյուքներով Հայաստանում 90 տոկոս շրջանառվող շտամը օմիկրոնն է։

Ինչ կարող ենք եզրակացնել նախարարի երեկվա ճեպազրույցից՝ Քովիդը ամենայն հավանականությամբ կմնա մեր կյանքում՝ դառնալով սեզոնային վիրուս, սահմանփակումները, ըստ ամենայնի կմեղմվեն, մեր երկրում ներկա պահին ամենատարածվածը օմիկրոնն է, սահմանփակումները նպաստեցին պատվաստումային գործընթացին։ Նախարարը նաև նշեց, որ օմիկրոնով հիվանդացության ցուցանիշը բարձր էր և հիվանդանալուց հետո գոնե մեկ ամիս պետք է անցնի, որ քաղաքացին գնա պատվաստվելու․«Դրա համար մենք կանխազգում ենք, որ հաջորդ շաբաթվանից պատվաստումների տեմպը նոր կընկնի իր ճիշտ, բնականոն հունի մեջ»։ Հնարավոր է նախարարի այս կանխատեսումը մոտ է իրականությանը, բայց նշենք, որ նախկին կարգավորումներով Քովիդով վարակված մարդիկ կարող էին պատվաստվել ապաքինվելուց երեք ամիս հետո։

Լ․ Հակոբյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ