Գլխավոր էջ Գլխավոր Թրե՞նդ, թե՞ անհրաժեշտություն․ ինչու՞ են ծնողները երեխաներին դասերով եվ պարապմունքներով «լծում»

Թրե՞նդ, թե՞ անհրաժեշտություն․ ինչու՞ են ծնողները երեխաներին դասերով եվ պարապմունքներով «լծում»

8236
0

Հարցերին պատասխանում է կլինիկական հոգեբան Տաթևիկ Նահապետյանը։

Ինչու՞ են այսօր ծնողները երեխաներին «լծում» դասերով, պարապմունքներով, սպորտով,մի՞թե այժմյան թրենդ է։

Տաթևիկ Նահապետյան-Ցանկացած «թրենդ» ասվածի տակ էլ կարող է թաքնված լինել հոգեբանական պաշտպանական մեխանիզմ: Այո, մեր օրերում բավական տարածված երևույթ է տարատեսակ զբաղվածությամբ ապահովելը երեխային և դրան զուգահեռ էլ պահանջել, որ գերազանց սովորի դպրոցում, բացառապես բարձր գնահատակններ ստանա, մասնակցի օլիմպիադաներին և հասցնի մնացած բոլոր պարապմունքները: Բայց իսկապե՞ս դա հենց երեխայի համար է լավ: Պահանջը հաճախ չի սահմանափակվում պարզապես ծնողի ցանկությամբ, այն ուղեկցվում է սպառնալիքներով և պատիժներով: Եվ ամեն անգամ երբ երեխան ստանում է ոչ այն գնահատականը, ինչ մայրն է պահանջել, չնայած բավարար գիտելիքներին, երեխայի մոտ պարզապես հիստերիա է սկսվում հենց դպրոցում, աչքերը արցունքոտվում են, սկսում է աղաչել ուսուցչից, միայն թե օրագրում, կամ օնլայն մատյանում չլինի այդ գնահատականը և ծնողը չտեսնի: Երեխան մշտապես էմոցիոնալ լարված վիճակում է, տագնապային, որ ամեն բան հասցնի իդեալական: Եվ երբ երեխայի իրական հնարավորություններն ու ընդունակությունները չեն համապատասխանում ծնողների ցանկություններին ու սպասումներին, երեխայի մոտ սկսվում է սուր ներքին կոնֆլիկտ, ինչն էլ կարող է հանգեցնել մանկական նևրոզի: Ֆիզիկական մակարդակում այն ուղեկցվում է գլխացավերով, գլխապտույտներով, քնի խանգարմամբ (քունը դառնում է անհանգիստ), ախորժակի բացակայություն, մկանային թուլություն: Նույնիսկ հնարավոր են ցավեր կրծքավանդակի շրջանում, նյարդային տիկեր և այլն: Էմոցիոնալ մակարդակում էլ անկայուն վիճակ, հակված են լինում կամակորության և լացկանություն: Եվ այդ ամենի արդյունքում ծնողի բողոք, թե ինչու է երեխան նման վարքագիծ դրսևորում: Երեխաները հաճախ մտածում են, որ որևէ հանցանք են գործել, որ չեն արդարացրել ծնողի ցանկությունը: Ունեցած խնդիրներին զատ, ավելանում է մեղքի զգացումը և ցածր ինքնագնահատականը:

Հաճախ նկատած կլինենք,որ ծնողները հպարտանալով նշում են, թե իրենց 2 կամ 3 տարեկան բալիկը ռուսերեն,անգլերեն, իսպաներեն է սովորում,գործնականում դա հնարավո՞ր է կամ կարելի՞ է երեխաներին զրկել խաղերից և դաս սովորացնել։

Տաթևիկ Նահապետյան-Իսկապես, շատ ծնողներ կարծում են, որ երեխաներին մաքսիմալ շատ պիտի զբաղեցնել, որպեսզի նրանք կարողանան բազմակողմանի զարգանալ: Մեր բազմազանությամբ մենք ռիսկ ենք անում երեխայի սեփական հետաքրքրությունները խեղդել՝ ստիպելով նրան զբաղվել այն ամենով, ինչը դեռևս նրան հետաքրքիր չէ: Ու հենց այդ տարիքում էլ դա սովորաբար հանդիպում է: Հպարտանում են, երբ երեխան ավելին գիտի, քան իր տարիքակիցները: Բայց նախ առաջինը՝ պետք է հիշել, որ փոքրիկ երեխան, ով դեռ լավ չի պատկերացնում կյանքում իր տեղը, պարտավոր չէ սիրել այն, ինչ ծնողներն են սիրում: Եվ մյուս կարևոր կետը, այդ տարիքում երեխայի երկարատև հիշողությունը դեռ զարգացած չէ, և հետագայում նա պարզապես մոռանալու է այդ ամենը, իսկ մեկ այլ դեպքում էլ կունենանք մոտիվացիայի կորուստ արդեն դպրոցում, քանի որ արդեն իսկ երեխային հետաքրքիր չի լինի նորից այդ ամենը սովորել: Գործնականում, հաշվի առնելով երեխայի անձնային առանձնահատկությունները, այո, դա հնարավոր է, բայց ոչ օգտակար: Չէ՞ որ երեխան դա անում է իրեն հաճելի ինչ-որ բանի հաշվին, օրինակ խաղի: Իսկ ծնողը խաղը հաճախ համարում է ժամանակի կորուստ և դրա փոխարեն երեխային սովորեցնում բազմապատկման աղյուսակը: Հարգելի ծնողներ ձեզ հարկավո՞ր է երեխա, ով նույնիսկ ինքնուրույն քայլ չի կարողանա անել կյանքում:

Ինչո՞վ պետք է զբաղվի 2-ից 4 տարեկան երեխան։

Տաթևիկ Նահապետյան-Անհրաժեշտ է հաշվի առնել երեխայի սեփական ցանկությունները: Առավել էքստրովերտ տեսակին բնորոշ են ակտիվ զբաղմունքները, ինտրովերտներին՝ պասիվ: Բայց ամենակարևորը այս տարիքում պիտի նշեմ խաղը: Հենց խաղն է համարվում երեխայի զարգացման հիմնական էլեմենտը, ինչը չունի փոխարինիչներ: Խաղի ժամանակ երեխաները ուսումնասիրում են իրենց շրջապատող աշխարհը, արտահայտում էմոցիաներ և հավաքում բառապաշար: Խաղը իսկապես այն կարևոր գործիքն է, ինչը նպաստելու է և՛ կոգնիտիվ, և՛ ֆիզիկական, և՛ սոցիալական ու էմոցիոնալ զարգացմանը, ինչպես նաև երևակայությանն ու ստեղծագործական հմտությունները:

Հնարավո՞ր է որ երեխաների միջոցով ծնողն է փորձում ինքնահաստատվել և հպարտանալու առիթ ունենալ։

Տաթևիկ Նահապետյան- Ես կասեի, ոչ թե հնարավոր է, այլ ճիշտ այդպես է: Հասկանում են, որ իրենք որևէ արժեքավոր բանի չեն հասել իրենց կյանքում: Եվ դա երկրորդ շանս է: Այդպես են վարվում, որովհետև չեն ընդունում երեխայի իրավունքը «ուրիշ» լինելու, սեփական հետաքրքրություններն ունենալու, թեկուզև նախընտրել մեկ այլ սպորտ, ինչը չէր ցանկանում մայրը: Երեխային համարում են սեփականություն՝ «Նա պիտի սովորի այնպես, ինչպես ես եմ ասում», իսկ կկարողնա հաղթահարել բոլոր խոչընդոտները և ինչ էմոցիոնալ վիճակում կլինի, դա արդեն չի հետաքրքրում: Այդպես են վարվում, որովհետև ապրում են բացառապես կարծրատիպերով՝ «Ի՞նչ կմտածեն հարևանները, իրականում՝ «Իմ մասին», այստեղ էլ երեխայի հետ նույնականացման խնդիրն է: Եվ իհարկե նաև «օգնել» բառի ոչ լիարժեք ընկալումն է պատճառ դառնում, ստիպելը նրանք համարում են «օգնել» և հակառակ արդյունքն ենք ունենում, երեխան մոտիվացիայի կորուստ է ձեռք բերում, լավագույն դեպքում:

Իսկ դպրոցահասակ երեխաները ինչպե՞ս պետք է կազմակերպեն առօրյան.դաս ,խմբակ, լեզուներ։

Տաթևիկ Նահապետյան- Դպրոցական երեխայի օրակարգը բավական հագեցած է, և որպեսզի երեխան չունենա տագնապի զգացողություն և կարողանա ամեն բան հասցնել, նախ և առաջ հարկավոր է օրվա ճիշտ պլանավորումը, այսպես ասած՝ դպրոցականի թայմ-մենեջմենտ:Մասնավորապես, եթե երեխան կրտսեր դպրոցական է, կարևոր է, որ օրվա պլանը կազմել երեխայի հետ միասին և նա իրեն այդ ժամանակատախտակի գերի չզգա: Անպայման պլանում նշել կետեր, որոնք «պետք» է անի երեխան, կետեր էլ, որ ինքն է ցանկանում, միշտ թողնել ազատ ժամանակ երեխայի համար, զբաղվի ինչով կցանկանա: Չէ՞ որ երեխան մեծահասակից տարբերվում է նաև նրանով, որ որպես կանոն, նա ինքնուրույն որոշելու իրավունք չունի, և թե ինչպես կազմակերպի իր ազատ ժամանակն ու պարտականությունները: Երբեմն ինքներս էլ դա չենք նկատում ու մենք ենք որոշում անգլերենի պարապմունքի գնա երեխան, թե՞ թեթև ատլետիկայի: Հաճախ կարծում ենք, որ խիստ զբաղվածությունը դիսցիպլինա է մտցնում: Բայց նշեմ, որ չսիրած գործով զբաղվելը, այն էլ ստիպողաբար, կարող է հանգեցնել վաղ հասակում նյարդային խանգարման: Լավ կլինի զբաղվածությունը բացի գիտելիքից, ինչը երեխան արդեն իսկ ստանում է դպրոցում, սպորտով լրացնել, կամ երաժշտությամբ, պարով, իհարկե չմոռանալով ազատ ժամանակի մասին: Դաշնամուրի դասերը այո, օգտակար են, բայց մյուս կողմից անհրաժեշտ է գիտակցել ազատ ժամանակի արժեքը: «Դու դեռ փոքր ես ու չես հասկանում, թե ինչ է քեզ դուր գալիս» մի շատ տարածված արտահայտություն ծնողների կողմից, անդառնալի հետք կարող է թողնել նույնիսկ հետագայում երեխայի մասնագիտության ընտրությա հարցում: Պատասխանատվություն երեխան սովորում է միայն ընտրության հնարավորության դեպքում, երբ երեխան երազելու ու երևակայելու ժամանակ էլ է ունենում: Եվ ուզում եմ ավելացնել, որ ոչ ոք չի վիճում երեխայի լավ առաջադիմության և տարատեսակ հմտություններին տիրապետելու կարևորության մասին, բայց առավել կարևոր է հոգեպես առողջ ու կայուն անձ մեծացնել, քան «գերազանցիկի»։

Սյուզի Ասատրյան

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ