Գլխավոր էջ Գլխավոր Կեղծ QR կոդերի հետքերով․ հնարամտությու՞ն, թե՞ անտրամաբանական որոշման հետևանք

Կեղծ QR կոդերի հետքերով․ հնարամտությու՞ն, թե՞ անտրամաբանական որոշման հետևանք

1201
0

Ինչպես հայտնի է, հունվարի 22-ից հանրային մի շարք վայրեր մուտք գործելու համար անհրաժեշտ է ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության թեստավորման բացասական պատասխանը կամ պատվաստումը հավաստող QR կոդերը։ Այն, որ վարակակիր, սակայն պատվաստման QR կոդ ունեցող անձինք ևս կարող են մուտք գործել և վարակի աղբյուր հանդիսանալ, դա փաստ է, ինչին արդեն անդրադարձել ենք։ Սակայն, այժմ էլ այլ հարց է սկսել շրջանառվել։

Օրեր առաջ, առողջապահության նախարարությունը, այնուհետև նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում տեղադրեցին հայտարարություն, որտեղ նշված էր՝ «Հանրային վայրեր այցելելիս, «Արմեդ» հավելվածից «QR» կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար, «QR» կոդը սկանավորելու կարիք չկա, բայց սկանավորելու պարագայում, անձնական էջում ներառված տվյալները փակ կլինեն` բացի անուն, ազգանունից»։

Նման հայտարարությունից հետո համացանցում սկսվեց ակտիվ շրջանառվել այն, որ եթե QR կոդերը չեն սկանավորելու, ապա վերջինս հնարավոր է նորագույն տեխնոլոգիաների և հնարամտության շնորհիվ հաջողությամբ կեղծել։ MedMedia.am -ի հետ զրույցում փաստաբան Լուսինե Վիրաբյանը նշեց, որ նախ՝ շատ անտրամաբանական սահմանափակում է, և նամանավանդ համավարակի պայմաններում առողջապահության նախարարության որոշումներում տրամաբանականությունը խիստ պակասել է:

«Սահմանադրական դատարանի որոշումից հետո մեկնաբանեցին, որ ինքը՝ անձամբ աշխատողը չի վճարելու, բայց կարող է իր փոխարեն բարեկամը կամ ազգականը վճարել և դրանից հետո եկավ ևս մեկ, նորից ոչ այնքան տրամաբանությանը մոտ վարկած, որ QR կոդ ներկայացնելը չի կարելի անձնական տվյալների ապօրինի բացահայտում համարել, քանի որ ինքնակամ է ներկայացվում, այդ դեպքում որոշման մեջ ուղղակի չկա ցուցում, որ մարդը պետք է հենց անձամբ իր QR կոդը ներկայացնի»,- ընդգծեց փաստաբանը։

Նրա խոսքով, եթե թեստի համար կարող է բարեկամը վճարել, այս դեպքում ինչու՞ չի կարող բարեկամի QR կոդով մուտք գործել այս կամ այն հանրային վայրը: «Գիտեմ, որ տրամաբանությունից շատ հեռու բան եմ ասում, բայց վերջին մի քանի տարիները ապացուցեցին, որ իրավական ոլորտում տրամաբանականությունը բավականին պակասում է, երևի թե կարելի է շրջանցել միայն այդ ձևով»,մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Վիրաբյանը։

Այն հարցին, որ եթե QR կոդերն ըստ նախարար Ավանեսյանի՝ կարելի է պարզապես ցուցադրել և չսկանավորել, այս դեպքում արդյո՞ք հնարավոր է վերահսկել կամ առհասարակ բացահայտել այն անձանց, որոնք կեղծ QR կոդով կկարողանան մուտք գործել։ Փաստաբանն ասաց, որ բնականաբար, չեն կարող վերահսկել, սկանավորում չի կատարվում, և թե ու՞մ կողմից, ի՞նչ QR կոդով են մարդիկ մուտք գործում տվյալ վայրեր, բնականաբար, նույնպես չի կարող վերահսկվել:

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ