Գլխավոր էջ Գլխավոր Չլսե՛լ, չտեսնե՛լ, չխոսե՛լ․ հակապատվաստումային արշավի թիրախում

Չլսե՛լ, չտեսնե՛լ, չխոսե՛լ․ հակապատվաստումային արշավի թիրախում

1925
0

Medmedia.am-ի զրուցակիցն է ուրոլոգ-անդրոլոգ, առողջապահության կազմակերպիչ՝ Գևորգ Գրիգորյանը։

Medmedia.am-Այսօր շատ հաճախ կարող ենք նկատել, որ պատվաստումային գործընթացին փոքր ինչ դեմ արտահայտվող անձինք, լրագրողները, հասարակական գործիչները ընկալվում են իբրև հակապատվաստումային քարոզ իրականացնողներ, ի՞նչ է ստացվում, քաղաքացիները չե՞ն կարող ազատ արտահայտել իրենց կարծիքը։

Գևորգ Գրիգորյան-Երբ ընդդիմախոսիդ կարողանում ես հակաճառել միայն չստացված և անհիմն պիտակավորումով, դա նշանակում է, որ բովանդակային առումով մերկ ես: Ցավալի է դա գիտակցել, բայց մեր առողջապահության նախարարությունը՝ պատվաստումների կիրառությունը դարձրեց հանրային դիսկուրս, ինչը անթույլատրելի էր:

Եթե ոլորտի պատասխանատուները և նրանց կից գործող բարձրախոսները լինեին մի քիչ ավելի իմաստուն, ապա մենք այս իրավիճակում չէինք հայտնվի…

Medmedia.am -Մի՞թե չպետք է ներկայացնել հակափաստարկներ, թեկուզ և հենց նույն պատվաստանյութերի վերաբերյալ, մի՞թե պետք է միայն «գովերգել» ու մարդկանց ստիպել պատվաստվել։

Գևորգ Գրիգորյան -Հակափաստարկներ ներկայացնելու համար պետք է ունենալ գիտելիք, տրամաբանություն և բանականություն, բայց սա այդ դեպքը չէ, հետևաբար գործող իշխանություններից բացի «սև» և «սպիտակ», «նախկին» և «ներկա», «պատվաստված» և «չպատվաստված» տարաբաժանումներից, այլ բան ակնկալել պետք չէ: Հիանալի կլիներ, եթե այս բաժանումների փոխարեն, արդար կերպով բնակչությանը ներկայացվեին պատվաստանյութերի վերաբարյալ կատարված հետազոտությունները, դրական և բացասական կողմերը, յուրաքանչյուր պատվաստանյութի հնարավոր բարդությունները և հակամարմինների քանակը… Պետք էր դա անել, այլ ոչ թե ստիպել, արգելել և արգելքի ու ստիպելու արդյունքում մարդկանց պատվաստումների թվով հիանալ ու հպարտանալ…

Medmedia.am -Անհատի, լրագրողի, ՀԿ ներկայացուցչի հրապարակած հոդվածը, տեսաուղերձը կամ տեսակետը պատվաստանյութերի վերաբերյալ կարո՞ղ է ուղղորդել քաղաքացուն, մի՞թե այն անձը ով որոշել է պատվաստվել, կարող է ականջալուր լինել նրանց։

Գևորգ Գրիգորյան -Այո, կարող է և շատ հաճախ ուղորդում է, ուստի շատ կարևոր է, որ ցանկացած կարծիք, կամ պնդում ունենա գիտական և ապացուցողական հիմք: Բնական է, որ նոր պատվաստանյութի շուրջ լինելու են տարատեսակ մասնագիտական բանավեճեր, բայց այդ բանավեճերը պետք է լուծվեին նախարարության աջակցությամբ և խաղաղ մթնոլորտում՝ մասնագիտական հանրության շրջանակներում, սակայն հարցը արդեն շատ վաղուց դադարել է լինել մասնագիտական բանավեճի թեմա և դարձել է իշխանությունների կողմից շանտաժի, բանսարկության և բնակչության բաժանման առարկա:

Այս հարցում մեծ դեր ունի նաև լրատվական դաշտը: Նրանք պետք է հավասարապես ներկայացնեն թե՛ պատվաստումների քարոզիչների և թե՛ հակառակը պնդող մասնագետներին, որպեսզի քաղաքացին ինքնուրույն որոշի՝ գնա պատվաստման թե ոչ, սակայն լրատվական դաշտը շատ անկայուն է և մի մասը զբաղված են պատվաստումների ակտիվ քարոզով ու պիտակավորումով, իսկ մյուս մասը՝ լռում է, վախենալով «հակապատվաստումային» պիտակից: Փաստացի լրատվական դաշտը ընդունել է իշխանության խաղի կանոնները…

Medmedia.am -Եթե միջազգային մամուլը բազմակողմանի ներկայացնում է, պատվաստանյութերի, թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, ապա ինչու՞ դա չպետք է արվի Հայաստանում, ինչու՞ են այդ մարդիկ թիրախավորվում։

Գևորգ Գրիգորյան-Միջազգային մամուլում էլ է նույն խնդիրը: Այս պիտակավորումը կրում է համատարած բնույթ և տեղական լրատվամիջոցներին հենց իրենց արտասահմանյան՝ մասնավորապես գլոբալիստ գործընկերներն են «բարի» խորհուրդ տվել՝ որդեգրել այս ձեռագիրը:

Medmedia.am -Ի վերջո ո՞րն է թույլատրելիի սահմանը, ինչպե՞ս պետք է խոսել կամ արտահայտվել պատվաստումային գործընթացի վերաբերյալ։

Գևորգ Գրիգորյան-Չկա նման սահման: Մենք ապրում ենք ժողովրդավար երկրում, որտեղ պետք է լինի խոսքի ազատություն, այլ ոչ թե այլակարծության մերժում: Մարդիկ, ովքեր վախենում են սեփական կարծիքը արտահայտել՝ վախենալու են ցանկացած պարագայում, իսկ այն անձիք, կառույցները, կազմակերպությունները և քաղաքական ուժերը, որոնք պայքարել են ժողովրդավարական արժեքների համար, պետք է իրենց մեջ քաջություն գտնեն և չվախենան:

Medmedia.am -Եթե նման մարդիկ հակապատվաստումային քարոզ իրականացնողներ են բնութագրվում, ապա պատվաստանյութերի գովազդով զբաղվողներին ինչպես կոչել, մի՞թե կարելի է մարդկանց հստակ ուղղորդել պատվաստվելուն կամ չպատվաստվելուն։

Գևորգ Գրիգորյան-Պատվաստման որոշումը պետք է լինի անձի գիտակցված և պատասխանատու որոշում, այլ ոչ թե պարտադրանք: Նախարարության տարբեր տրամաչափի քարոզիչները փորձում են համացանցում բղավելով լռեցնել բանականությունը, ինչը իրենց մոտ չի ստացվում, իսկ դավադրապաշտություն փնտրողների մոտ չի ստացվում համոզիչ լինել, ուստի մնում են իրական գրագետ և բանիմաց մասնագետները, ում խոսքը կլսի մարդկան թեկուզ և քիչ, բայց հասկացող սեգմենտ ու լրատվամիջոցները, որոնք հարթակ կտրամադրեն այդ նույն բանիմաց մասնագետներին, այլ ոչ թե միայն իշխանական քարոզիչներին: Պետք է լինեն քննարկումներ, բանավեճեր, կլոր սեղաններ, բայց ի վերջո պետք լինի առողջ հասարակություն, վստահելի բժիշկներ և առողջ հանրային միջավայր:

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ