Գլխավոր էջ Գլխավոր Վարակի բռնկման նոր ալի՞ք. ինչպե՞ս ճանաչենք Օմիկրոնը

Վարակի բռնկման նոր ալի՞ք. ինչպե՞ս ճանաչենք Օմիկրոնը

757
0

Մասնագետներն ի սկզբանե կանխատեսում էին, որ կորոնավիրուսային հիվանդության նոր` Օմիկրոն շտամի ներթափանցումը կարող է վարակի բռնկման նոր ալիք ձևավորի: Կարծես, այդպես էլ լինում է, վերջին օրերին առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մեկ օրում վարակման մինչև 3500 դեպք է գրանցվել: Ինչ վերաբերում է սահմանափակումներին, ապա վերջին շրջանում դժվար է հիշել գեթ մեկ սահմանափակում կամ խստացում, որը միտված է եղել վարակի տարածումը կանխելուն: Պետք է փաստել, որ հերթական անգամ սահմանվող որոշումները, կարծես միայն պատվաստումների ցուցանիշի ավելացմանն են ուղղված:

MedMedia.am-ի հետ զրույցում բժիշկ-թերապևտ Լամարա Մանուկյանը ներկայացրել է Օմիկրոնի դրսևորման ձևերը, հիվանդության ընթացքն ու բարդությունները:

Նրա խոսքով, Օմիկրոնը շատ ավելի արագ է տարածվում, քան նախորդ շտամերը: « Քանի որ, մենք թեստավորումով չենք որոշում թե մարդը ո՞ր շտամով է վարակված, կարծում եմ, այս նոր դեպքերը շատ նման են Օմիկրոնին: Դա կարելի է ենթադրել նաև կլինիկական դրսևորումներից: Ինձ շատերը հարցնում են` կլինիկական նշաններով կարելի՞ է ախտորոշել դա Օմիկրոն շտամն է, թե՞ Դելտան: Իրականում, որոշ տարբերություններ կան, բայց չի կարելի հստակ տարանջատել, որովհետև ընդհանուր սուր շնչառական վարակները հիմնականում նույն ախտանշաններն ունեն»,- նշեց Մանուկյանը:

Լավ, իսկ ինչպե՞ս ճանաչել Օմիկրոն շտամը, բժշկուհին ընդգծեց, որ Օմիկրոնի դեպքում շատ արտահայտված է մրսածության զգացումն ու թաց հարբուխը. « Թեպետ, ասեմ, որ Դելտան էլ ուներ այդ ախտանիշները, թաց հարբուխ, առատ քթարտադրություն, իսկ չոր հազը բնորոշ էր բոլոր շտամերին: Իսկ Օմիկրոնի դեպքում չոր հազը ուղեկցվում է ձայնի խրպոտությամբ, կոկորդի քերոցի զգացողությամբ»:

Բժշկուհին նշեց նաև, որ Օմիկրոնը տարբերվում է նաև վերջինիս վարակելիությամբ և ինկուբացիոն շրջանով: «Ալֆա շտամի ժամանակ ասում էինք, որ եթե այսօր մարդը վարակվել է` կլինիկական նշանները կարող են արտահայտվել մինչև 14 օրվա ընթացքում, հետո Ալֆա շտամը, Բետտա շտամը կամաց-կամաց կրճատվեց` 10 օր, 7օր, Դելտայի ժամանակ արդեն ասում էինք` 5օր, իսկ Օմիկրոնի ժամանակ 3 օր է: Այսինքն, այսօր վարակվեցիք 3 օրվա ընթացքում արդեն կարող է արտահայտվել կլինիկական նշանները»,- ընդգծեց Լամարա Մանուկյանը:

Հավելեց, որ տարբերվում է նաև հիվանդության տևողությունը: Նրա խոսքով` Դելտան ամենածանր և ամենաերկար ընթացող շտամն էր, ամենաքիչը` 14-21 օր, իսկ Օմիկրոնի դեպքում 3-5 օր է, այսինքն, 3-5օր հետո հիվանդը սկսում է լավանալ: Ինչպես նաև, բժշկուհին նշեց, որ Օմիկրոնը չի սիրում տեղակայվել ստորին շնչուղիներում, այսինքն չի իջնում թոքեր, իր կենսական ցիկլն ավարտվում է վերին շնչուղիներում:

Օֆելյա Պողոսյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ