Գլխավոր էջ Գլխավոր Մի՞թե կրկին «կուժն ու կուլան» տնտեսվարողի գլխին է ջարդվելու

Մի՞թե կրկին «կուժն ու կուլան» տնտեսվարողի գլխին է ջարդվելու

378
0

Հունվարի 22-ից, անհասկանալի իրավիճակում են հայտնվել, ոչ միայն շարքային քաղաքացիները այլև տնտեսվարողները։ Հանրային վայրեր մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ ՊՇՌ հետազոտությունը հավաստող փաստաթուղթ։ Իսկ թե ո՞վ է իրականացնելու ստուգումները՝ անհայտ է։ Նախարարությունն ասում է՝ տեսչական մարմինը կիրականացնի վերահսկողությունը, իսկ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նոնա Հայրապետյանի խոսքով տնտեսվարողը ինքը պետք է մշակի և ներդնի կազմակերպչական այն մոտեցումները, որոնցով կարող են վերահսկվել  հունվարի 22-ից ուժի մեջ մտնող սահմանափակումները․

«Հունվարի 22-ից հետո նախատեսվում է խստացված ռեժիմով ստուգայցեր իրականացնել, որոնք ընդգրկելու են նաև նոր պահանջների կատարման ստուգումը։ Սանիտարական նորմը, որը սահմանվել է առողջապահության նախարարի հրամանով, հավասարապես կիրառման ենթակա է բոլոր տեսակի տնտեսվարող սուբյեկտների կողմից: Սակայն տնտեսվարող սուբյեկտը ներքին կազմակերպման ինչպիսի մեխանիզմներ կմշակի՝ դա արդեն ներքին կարգավորման հարց է: Այսինքն, կախված գործունեության տեսակից, տնտեսվարողը ինքը պետք է մշակի եւ ներդնի էն կազմակերպչական մոտեցումը, որը կբերի ցանկալի արդյունքի՝ վերահսկման առումով: Իսկ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ», — նշել էր նա։

Մի՞թե կրկին «կուժն ու կուլան» տնտեսվարողի գլխին է ջարդվելու։ Փաստացի ստացվում է, որ այո, եթե տնտեսվարողները հավուր պատշաճի չիրականացնեն ու չկազմակերպեն ստուգման պրոցեսը՝ ստիպված են լինելու տույժ ու տուգանքներ վճարել։

Ի դեպ՝ տնտեսվարողներից շատերը չեն պատկերացնում, թե ինչպես և ում կողմից է իրականացվելու նոր պահանջների կատարման վերահսկողությունը:

«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանի գնահատականներով էլ՝ «Տնտեսվարողները իրավասու չեն պատասխանատվություն կրել տեսչական մարմնի փոխարեն: Բազում ռեստորաններ չեն ստուգում, ռեստորաններ էլ կան, որ վախեցել են: Ես իրավաբանների հետ իրազեկման աշխատանքներ եմ տանում՝ պարզաբանելու մարդկանց, որ ոչ ոք տուգանք չի վճարելու, որովհետև նախարարի հրամանը իրավական հիմքեր չունի: Ռեստորանները նույնիսկ այս հրամանով իրավունք և պարտավորություն չունեն ստուգելու մարդկանց ինքնությունը»,-նշել է Բարսեղյանը։

Սյուզի Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ