Գլխավոր էջ Նորություններ Վարակված անձը պատվաստման իր QR կոդով օգտվել է հանրային սննդի կետերից

Վարակված անձը պատվաստման իր QR կոդով օգտվել է հանրային սննդի կետերից

6397
0

Ինչպես արդեն հայտնի է, ըստ առողջապահության նախարարության նոր որոշման՝ հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտներ, թանգարաններ և մշակութային տարատեսակ միջոցառումներ կարող են մուտք գործել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքը կամ պատվաստման հավաստագիրը ներկայացնելու պարագայում։

Վերջինս հասցրել է արժանանալ տարատեսակ քննարկումների և քննադատությունների։ Շատերի խոսքով՝ մարդկանց առողջության մասին տեղեկությունը բժշկական գաղտնիք է, իսկ մյուսների դիտարկմամբ՝ այստեղ խնդիրը հանրային առողջությանն է միտված և ոչ թե անհատներին։ Ինչպես հայտնել է վարչապետը՝ պատասխանատվություն կրողը տնտեսվարողն է, մասնագետներից շատերն էլ բարձրաձայնում են , որ տնտեսվարողը չի կարող այս դեպքում պատասխանատվության ենթարկվել։

Այսօր՝ հունվարի 26-ին, MedMedia.am խմբագրություն դիմած քաղաքացին (քաղաքացու խնդրանքով՝ պահպանում ենք անձի գաղտնիությունը), ով իր խոսքով՝ պատվաստված է, ունի համապատասխան QR կոդ, ինչպես նախկինում, այնպես էլ ԱՆ-ի նոր սահմանափակման որոշման ուժի մեջ մտնելուց հետո օգտվել է հանրային սննդի կետերից։ Սակայն, այստեղ այլ հարց կա։ Տվյալ քաղաքացին վարակված է եղել կորոնավիրուսով, սակայն որևէ ախտանշան չի նկատվել իր մոտ։ Իր վարակված և վարակակիր լինելու մասին իմացել է այն ժամանակ, երբ արդեն մի քանի անգամ իր QR կոդով կարողացել է օգտվել հանրային վայրերից։

«Գիտեք, ամենացավալին այն է, որ հիմա ես ինձ մի տեսակ մեղավոր եմ զգում կոնկրետ այն անձանց հանդեպ, որ իրենք, օրինակ ՝ փող են ծախսել, որ թեստավորվեն գան այդ սննդի օբյեկտը, ու ես, որ ինքս եմ եղել վարակակիրը՝ իրենց հնարավոր է վարակած լինեմ։ Այստեղ, այս սահմանափակման մեջ լոգիկա չկա։ Կամ, օրինակ, եթե օգտվեի հանրային տրանսպորտից, պատկերացնու՞մ եք ինչ կլիներ։ Չգիտեմ այս ամենը ոնց կամ ով է վերահսկում, բայց եկեք գոնե նենց մեխանիզմ մշակենք, որ պատվաստված-չպատվաստված չտարանջատենք կամ պատվաստվածներին կոպիտ ասած՝ արտոնություն չտանք»,-նշում է քաղաքացին։

Ստացվում է այն, ինչը շատ մասնագետներ ի սկզբանե ասում էին։ Եթե այս ամենն արվում է համավարակի դեմ պայքարելու, վարակի նոր բռնկման ալիքներից խուսափելու և դրան զուգահեռ՝ լոքդաունների չգնալու նպատակով, ապա սա որքանո՞վ է աշխատելու այդ դեպքում, եթե վարակակիր անձինք միևնույն է կկարողանան այցելել այդ վայրերը։ Ճիշտ է, գուցե ինչպես աշխատող քաղաքացիներից շատերը, այս դեպքում ևս մարդկանց մեծ մասը ճարահատյալ կգնան պատվաստման, որպեսզի կարողանան օգտվել այս կամ այն հանրային վայրից, սակայն փաստենք, որ դա վարակակիր լինելու դեպքում որևէ կերպ օգնել չի կարող, ավելին՝ կարող է հենց իր միջոցով վարակի շղթա ձևավորել։

Դուրս է գալիս,որ մենք ոչ թե պայքարում ենք վարակի դեմ, այլ քաղաքացիներին ամեն կերպ դնում ենք փակուղու առջև, նոր գլխացավանք առաջացնում, որից ելնելով՝ շատերը չգիտակցելով պատվաստումների կարևորությունը, կամ ինչ-որ տեղ՝ հիվանդության ծայրահեղ ծանր ընթացքից խուսափելը, չեն գնում պատվաստման։ Մյուս կողմից էլ վիրուսը ենթարկվում է նոր մուտացիաների, որոնց դրսևորման ընթացքը անկանխատեսելի է։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ